Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «РИА Новости»-ի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Երեւան, իսկ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։
«Դեսպանին կենտրոնից խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այդ խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երեւան եւ կվերսկսի իր պարտականությունները»,-նշել է Գալուզինը։
Պատասխանելով երկրների միջեւ հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ «դա բացառված է»։
«Դեսպանը կանչվել է խորհրդակցության, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,-հիշեցրել է Գալուզինը։ Նա նշել է, որ չնայած կան որոշակի տարաձայնություններ, բայց դա դեռ հարաբերությունների մակարդակի իջեցում չի նշանակում։