Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը դատապարտել է ԱՄՆ-ին կորոնավիրուսի «լաբորատոր արտահոսքի» մեջ Պեկինին մեղադրելու փորձերի համար: Այդ մեղադրանքը տեղ է գտել դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու կարգադրությունից հետո:
Քաղաքականացումը կդժվարացնի պարզել ճշմարտությունը
«Անցյալ տարվա դասը դեռ վառ է մեր հիշողության մեջ: Քանի դեռ համաճարակի վտանգը կախված է աշխարհի վրա, եւ միջազգային հանրությունն ակնկալում է երկրների միջեւ ավելի լավ համակարգում, ոմանք շարունակում են հին գործելաոճը: Մենք չենք կարող չհարցնել՝ մի՞թե նրանք չեն սովորել անցյալի այն դառը դասը, թե՞ ուզում են, որ ողբերգությունները կրկնվեն»,- ասվում է Չինաստանի դեսպանության տարածած փաստաթղթում:
Դեսպանությունն ընդգծել է, որ որոշ քաղաքական ուժեր համաճարակի հենց սկզբից փորձել են շահարկել եւ մեղադրել Չինաստանին: Պեկինը նաեւ հավելել է, որ հետաքննության քաղաքականացումը կդժվարացնի պարզել վիրուսի ծագումը:
Բայդենի տեսակետը
ԱՄՆ նախահ Ջո Բայդենը կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տվյալների հարցով դիմել է երկրի հետախուզությանը։ Բայդենը 90 օր ժամանակ է տվել պարզելու համար՝ արդյոք չինական Ուհանում գտնվող լաբորատորիան առնչություն ունի Քովիդ-19-ի առաջացման հետ։
Համավարակի հանգեցրած վիրուսի ծագման հարցում երկու տեսակետ կա. մի մասը պնդում է, որ այն կենդանական ծագում ունի, մյուս մասը հակված է վիրուսի արհեստական մշակման տեսակետին:
Բայդենի հայտարարությունը հաջորդել է The Wall Street Journal-ի հրապարակմանը, որի համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտի երեք աշխատակից 2019-ի նոյեմբերին կորոնավիրուսի ախտանիշներով հոսպիտալացվել էին։
Չինաստանը հերքել է վարակի մասին տեղեկությունը թաքցնելու մեղադրանքները։