Եվրահանձնաժողովը մտադիր է հանդես գալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու օգտին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ երեք աղբյուրների, ովքեր ցանկացել են անանուն մնալ։
Ըստ պարբերականի զրուցակիցների արդեն այսօր՝ հունիսի 7-ին Եվրահանձնաժողովը պատրաստվում է հայտարարել, որ Ուկրաինան արդեն համապատասխանում է հակակոռուպցիոն միջոցառումներին, քաղաքական լոբբինգի սահմանափակումներին, պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման կանոններին եւ փոքրամասնությունների լեզուների պաշտպանության չափանիշներին։
Financial Times-ի աղբյուրները նշել են, որ Եվրահանձնաժողովը այս կերպ փորձում է շտապել՝ մինչ ռոտացիոն սկզբունքով Հունգարիայի ԵՄ նախագահության ստնաձնումը։
Ակնկալվում է, որ Հունգարիան դեմ կլինի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին, մասնավորապես՝ վկայակոչելով հունգարական փոքրամասնության իրավունքների հարգման հետ կապված իրավիճակը:
Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկելու է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Մոլդովայի հետ, բայց ոչ Վրաստանի, որտեղ վերջերս ընդունվեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը բողոքի ակցիաներ էր առաջացրեց։
«Հանձնաժողովը ցանկանում է պաշտոնական բանակցություններ սկսել Կիեւի եւ Քիշնեւի հետ որքան հնարավոր է շուտ՝ այս ամսվա սկզբին, որպեսզի երկու երկրներին էլ դրական ազդանշան ուղարկի ԵՄ-ին միանալու հույսերի վերաբերյալ»,-գրում է Financial Times-ը։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Բելգիան, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, ցանկանում է բանակցությունների առաջին փուլն անցկացնել հունիսի 25-ին։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինան, որը հայտարարել էր ԵՄ-ին միանալու իր մտադրության մասին ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումն սկսելուց անմիջապես հետո, դեռեւս արագորեն անցնում է դրա համար անհրաժեշտ փուլերը։ Եվ սա ի տարբերություն, օրինակ, բալկանյան որոշ երկրների, որոնց ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար տարիներ պահանջվեցին։