Լոռիում տեղի ունեցած ջրհեղեղից անմիջապես հետո Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորը, աշխատակիցներ, բազմաթիվ ուսանողներ եւ համալսարանական երեք հիվանդանոցի բուժանձնակազմի անդամներ (շուրջ 80 հոգի) կամավորական խումբ են կազմել ու մեկնել Ալավերդի։ Նրանք ոչ միայն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, այլեւ աղետի հետեւանքների վերացման համար անհրաժեշտ մաքրման աշխատանքներին մասնակցել:
Երեւանի պետական բժշկական համալսարանում կազմակերպվել էր «Բնական աղետների հնարավոր ռիսկերը եւ դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում։ Բժիշկ-գիտնականերն անդրադարձան բնական աղետների ժամանակ իրականացվող հիմնական քայլերին, ռիսկի գործոններին, անելիքներին։
«Աղետի գոտում մարդկանց օգնելու երեք փուլ կա։ Առաջինն ամենակարեւորն է։ Այն հստակ տեւում է 72 ժամ եւ կոչվում է «փրկության» փուլ, երկրորդը կարեկցանքի եւ օգնության փուլն է, երրորդը՝ վերականգնումն ու վերակառուցումը, որոնք կարող են տարիներ տեւել, բայց առաջին փուլի աշխատանքները շատ ավելի բարձր արդյունավետություն են ապահովում»,- մանրամասնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
ԵՊԲՀ Աղետների բժշկության եւ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի մասնագետներն ուսանողներին ուսուցանում են բնական աղետների ժամանակ ցուցաբերվող հոգեբանական ու բժշկական առաջին օգնության կանոնները։
Ալավերդիում ուսանողներն իրականացրել են բավականին մեծ ծավալի աշխատանք: Մուրադյանը նման աշխատանքների ականատես է եղել 1988 թվականին` ավերիչ երկրաշարժից հետո, երբ ռազմական բժիշկները կազմակերպված, հստակ գործելակարգերով էին առաջնորդվում։
Ըստ Մուրադյանի՝ նման իրավիճակում կազմակերպված աշխատանքը թույլ է տալիս ճիշտ օգտագործել եղած ռեսուրսները եւ հասանելի օգնություն ցուցաբերել տեղում` հաշվի առնելով նոր հնարավոր բարդությունները, որոնք կարող են առաջանալ, մասնավորապես` համաճարակները:
Մուրադյանը վստահեցրեց՝ պատասխանատու կառույցներն արագ ու արդյունավետ են գործել առաջին փուլում։
Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը պատմեց՝ ջրհեղեղին հաջորդած առաջին օրերին ուսանողները, քոլեջի ղեկավարությունը, ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները բժշկական օգնություն ապահովեցին այն գյուղերում, որտեղ կապը ժամանակավոր ընդհատված էր:
«Յոթ գյուղի հետ կապն ընդհատվել էր կամուրջների փլուզման պատճառով։ Չնայած դրան՝ մեր ուսանողներն անցան այդ կողմը՝ բնակչությանը մասնագիտական բժշկական օգնություն ցույց տալու»,- մանրամասնեց Վարդան Ծատուրյանը։
Քննարկումից հետո բժիշկները մեթոդական առաջարկների փաթեթ են մշակելու, որը ներկայացվելու է համապատասխան գերատեսչություններին, որպեսզի առաջիկայում հնարավոր բնական աղետների ժամանակ մասնագետների փոխգործակցությունն է՛լ ավելի արդյունավետ լինի։
«Հերացի» վերլուծական կենտրոնի տնօրեն, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը հիշեցրեց՝ տարերային աղետներին մշտապես պետք է պատրաստ լինել։ Հարկավոր է պատրաստել որակյալ անձնակազմ, որը կարող է առաջին օգնություն ցույց տալ, իմանալ աղետի չափերը, արձագանքման ներուժը ճիշտ գնահատել, ֆինանսական միջոցների ճիշտ բաշխում իրականացնել:
Համաճարակային բռնկումները կարող են առաջանալ աղետներին զուգահեռ, սակայն դրանք հիմնականում կապված են բնակչության տարհանման հետ: Եթե չկա տարհանում, համաճարակի ռիսկն անհամեմատ փոքր է:
«Հաջորդ ռիսկի գործոնը սանիտարական, խմելու, կենցաղային նպատակներով օգտագործվող ջրի դժվար հասանելիությունն է: Գերբնակեցումը եւ բնակչության ակտիվ շփումը նույնպես վարակի փոխանցման առումով ռիսկային գործոն է»,- մանրամասնեց Մերի Տեր-Ստեփանյանը:
Բնական աղետներին հաջորդող շրջանում սոմատիկ հիվանդությունների ռիսկը սթրեսի հետեւանքով նույնպես բարձրանում է։ Այս համատեքստում մեծ խնդիր է նաեւ առողջապահական ծառայությունների դժվարամատչելիությունը:
Մանկաբույժ-վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը բացատրեց՝ այս փուլում կարող են առաջանալ ինֆեկցիոն հիվանդություններ, թունավորումներ, շնչառական հիվանդություններ, տրավմատիկ խանգարումներ հատկապես երեխաների շրջանում։
«Խմելու ջրի աղբյուրների աղտոտման հետեւանքով կարող են լինել բազմաթիվ վարակներ, որոնք այդ տարածաշրջանում առկա են։ Ոչ հիգիենիկ պայմաններում սննդի աղտոտուման հետեւանքով կարող են լինել տարատեսակ աղիքային վարակներ»,- մանրամասնեց Հռիփսիմե Ապրեսյանը։
Մաքրման ժամանակ փակ տարածքում աշխատում են տարբեր մեքենաներ, գեներատորներ, որոնք արտանետում են CO գազ։ Այն կարող է վտանգավոր լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
Այս պահին աղետի վայրում դեռեւս նշված ախտանիշներով քաղաքացիներ չկան, բայց մասնագետը զգուշացնում է՝ այս մարզում տարածված հիվանդությունը՝ լեյշմանիոզը կարող է գլուխ բարձրացնել։
«Խոնավ միջավայրերում ակտիվանում է մոծակների, մլակների բազմացումը, ակտիվացումը, այս տարածարջանում էլ լեյշմանիոզ կա։ Իսկապես կան ռիսկեր, որ շատանալու է լեշմանիոզի քանակը։ Պատրասվում ենք այս ուղղությամբ աշխատելու, որպեսզի հիվանդության դեպքերը վաղ հայտնաբերվեն, կանխարգելվեն»,- նշեց բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանը։
Քննարկման վերջում մասնակիցներն անդրադարձան նաեւ աղետների ժամանակ քաղպաշտպանության խնդիրներին՝ քաղաքացիներին հորդորելով միշտ հիշել սույն կանոնները․ հարկավոր է հետեւել ազդարարման համակարգներին, պատսպարվել ապահով տեղում, ունենալ լուսային կամ ձայնային սարքեր, վնասվելու դեպքում՝ ինքնօգնությամբ կամ փոխօգնությամբ ձեռքի տակ եղած միջոցներով վիրակապվել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։