Երեւան-Սեւան ավտոճանապարհին գազալցակայանի նախօրեին տեղի ունեցած պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել, այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նշենք, որ հունիսի 6-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա հրդեհ։
Պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 2, իսկ «Աբովյան» ԲԿ՝ 5 անձ։ Վնասվել են նաեւ գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։
ՀՀ ՔԿ-ն հայտնում է, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները խախտելը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, ծառայությունների մատուցումը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետեւանք։
«Կատարվել են մի շարք վարութային եւ դատավարական գործողություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի վայրի, ինչպես նաեւ հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատահրդեհատեխնիկական դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր ու դատաբժշկական փորձաքննություններ»,-ասվում է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։