Իրանի ընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին հրապարակել է Պահապանների խորհրդի կողմից հաստատված նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը։
Նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 28-ին։
Պահապանների խորհուրդը հաստատել է Արդարադատության նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամմադի, առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշիկիանի, Նահատակների եւ վետերանների գործերի հիմնադրամի ղեկավար Ամիրհոսեյն Ղազիզադե-Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, միջուկային ծրագրի նախկին բանակցող Սաիդ Ջալիլիի եւ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆի թեկնածությունները։
Ցուցակից բացակայում են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախկին խոսնակ, միջուկային հարցերով նախկին բանակցող Ալի Լարիջանիի անունները: Նրանց չէր թույլատրվել մասնակցել նաեւ 2021 թվականի ընտրություններին։
Իրանցի որոշ վերլուծաբաններ տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել են, որ մրցավազքը, ամենայն հավանականությամբ, կանցնի ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայանության հակառակորդ Ջալիլիի եւ ավելի ճկուն քաղաքական գործիչ համարվող Ղալիբաֆի միջեւ: Նրանք նաեւ նշում, են, որ նախորդ շաբաթ իր ելույթներից մեկի ընթացքում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ակնհայտորեն ցույց էր տվել, որ աջակցում է Ղալիֆաբին։
Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետեւանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահյանի ու ուղեկից պատվիրակության մահվանից հետո: