ԵՄ-ում կիրակի օրը ավարտվել են Եվրախորհրդարանի ընտրությունները։ 27 երկրների ընտրողներն ընտրել են 720 պատգամավորի։
Ըստ նախնական պաշտոնական արդյունքների՝ հաղթում է աջ կենտրոնամետ ուժերին միավորող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Սպասվում է, որ 720 մանդատներից կուսակցությունը կստանա 184-ը։ Ներկայիս Եվրախորհրդարանում աջ կենտրոնամետներն ունեն 176 մանդատ։
Երկրորդ տեղում, նախնական արդյունքներով, ձախ կենտրոնամետներն են՝ սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը։ Նրանք ստանում են 139 մանդատ (ինչպես ներկայիս գումարման դեպքում)։ Երրորդ արդյունքը ազատական «Վերաթարմացվող Եվրոպայինն» է, որը կստանա 80 մանդատ։ Դա կլինի 22-ով պակաս 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից։
Խոշոր պարտություն է կրում «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքը»։ Նախնական պաշտոնական արդյունքներով՝ ներկա գումարման 72 մանդատից նրանք կկարողանան պահպանել միայն 52 մանդատ։
Աջ պահպանողականներն ու աջ պոպուլիստ եվրոսկեպտիկները կունենան ավելի շատ պատգամավորներ. «Եվրոպական պահպանողականներն ու ռեֆորմիստները» կստանան 73 մանդատ, ազգայնական «Ինքնություն եւ ժողովրդավարություն» խմբակցությունը՝ 58, «Եվրոպական միացյալ ձախեր/Հյուսիսային ձախ-կանաչներ» խմբակցությունը՝ 36 մանդատ։ Եվս 98 մանդատ կզբաղեցնեն այսպես ասած ոչ խմբակցական պատգամավորները, որոնցից շատերը նույնպես հարում են աջակողմյան եւ եվրոսկեպտիկ ուժերին։
Ընդհանուր առմամբ Եվրամիությունում ընտրություններին մասնակցությունը կազմել է 51 տոկոս։
Չնայած Ֆրանսիայում եւ Գերմանիայում ծայրահեղ աջ կուսակցությունների զգալի հաջողություններին, Եվրահանձնաժողովը ներկայումս ձեւավորող կենտրոնամետ կոալիցիան կպահպանի մեծամասնությունը, թեեւ այն ավելի քիչ ուժեղ կլինի, քան ներկայիս գումարման դեպքում։ Այսպիսով, Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է այս պաշտոնում մնալ մինչեւ 2029 թվականը։
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել է աջ պոպուլիստական «Ազգային միություն» կուսակցությունը՝ երկու անգամ ավելի շատ ձայներ հավաքելով նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցներից։ Արձագանքելով ընտրությունների նախնական արդյունքներին՝ Մակրոնը հայտարարեց Ֆրանսիայի խորհրդարանը ցրելու եւ հունիսի 30-ին ընտրություններ նշանակելու մասին։
Գերմանիայում էլ մեծ տարբերությամբ հաղթել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության (ՔՍՄ) պահպանողական դաշինքը։ Երկրորդ տեղում, ինչպես եւ սպասվում էր, աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է, երրորդում՝ Կանցլեր Օլաֆ շոլցի «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը», իսկ չորրորդ տեղում՝ «90-ականների միություն/Կանաչների կուսակցությունը»։
Ավստրիայում առաջատարը ծայրահեղ աջ «Ազատության կուսակցությունն» է, որը, ի թիվս այլ բաների, հայտնի է Ռուսաստանի դեմ հակապատերազմական պատժամիջոցների քննադատությամբ: Իսպանիայում էլ աջակողմյան «Ժողովրդական կուսակցությունն» է փոքր-ինչ առաջ է անցել իշխող սոցիալիստներից։
Միեւնույն ժամանակ, Նիդեռլանդներում աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում վստահորեն հաղթած Գերտ Վիլդերսի աջակողմյան «Ազատության կուսակցությունն» այս անգամ առաջ է անցել Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահի Ֆրանս Թիմերմանսի գլխավորած սոցիալիստների եւ կանաչների դաշինքից։
Բելգիայում անցկացված ընտրություններում էլ հաղթել են աջ ազգայնականները «Նոր Ֆլամանդական դաշինքից»։ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն հայտարարել է հրաժարականի մասին՝ իր «Բաց ֆլամանդական լիբերալներ եւ դեմոկրատներ» կուսակցության ազգային խորհրդարանի եւ Եվրախորհրդարանի ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո:
Իտալիայում վարչապետ Ջորջիա Մելոնիի աջ պոպուլիստական «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն էլ, ըստ հարցումների, Եվրախորհրդարանի ընտրություններում մյուս կուսակցություններից առաջ է անցել ակնկալվող 26-30% արդյունքով:
Եվրախորհրդարանի ընտրություններում աջերի հաջողությունները կհանգեցնեն նրան, որ այսուհետ ավելի շատ ծայրահեղ աջ պատգամավորներ կնստեն Եվրամիության օրենսդիր մարմիններում, քան երբեւէ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտություն կլինի հշվի նստել նրանց հետ։ Շատ բան, սակայն, կախված է նրանից, թե աջակողմյան տարբեր ուժերը որքանով կկարողանան համագործակցել միմյանց հետ. եթե, օրինակ, միգրացիոն քաղաքականության խստացման հարցում նրանց միջեւ տարաձայնությունները քիչ են, ապա Ուկրաինային աջակցելու հարցում դրանք շատ մեծ են։