Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը մերժել է ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների Կառավարության հրաժարականի հարցով արտահերթ խորհրդարանական նիստ գումարելու միջնորդությունը։ Այս մասին նիստից հետո լրագրողներին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ իր ղեկավարած խմբակցությունը ամբողջական խորհրդի կազմով դեմ է քվեարկել ընդդմիության միջնորդությանը։
«Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան եւ վաղը մեկնարկող քառօրյաի ընթացքում հարցերը կքննարկենք եւ թող գան օգտվեն կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից ու այդ իրենց բոլոր մտահոգություններն ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին եւ կառավարությանը։ Մյուս հատվածով այս ուղերձում տեղ գտած հարցի մասով մենք նման օրակարգ չունենք»,-ասել է Կոնջորյանը։
Նա նաեւ հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ կրկին ընդգծելով, որ առաջարկված օրակարգը քննարկելի չէ իրենց համար։
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։