ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նա թուրքական կողմին առաջարկել է 2024 թվականի երրորդ եռամսյակում անվտանգության հարցերի շուրջ լայնամասշտաբ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել։ Այս մասին հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Պատրաստ ենք կրկնապատկել ռուս-թուրքական շփումները՝ անվտանգության խորհուրդների միջոցով։ Օգտվելով առիթից՝ խնդրում եմ ձեզ ողջույններ փոխանցել Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Կալինին, պաշտպանության նախարար Գյուլերին, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Հաջիմյուֆթյուօղլուին, ում ես սպասում եմ Ռուսաստանում հարմար պահին։ Առաջարկում եմ երրորդ եռամսյակում անվտանգության հարցերի շուրջ լայնածավալ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում կամ Անկարայում»,-ասել է Շոյգու՝ ում խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՌԴ Անվտանգության խորհրդում նաեւ պարզաբանել են, որ կողմերը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով քննարկել են անվտանգության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։
«Հաստատվել է ռազմավարական հավասար երկկողմանի գործընկերություն զարգացնելու մտադրությունը, այդ թվում՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։