Շուրջ 90 երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Շվեյցարիայում անցկացվող միջազգային համաժողովին, որը նվիրված է Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիների քննարկմանը։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։ Նրա խոսքով, երկրների մեծ մասը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով` պետությունների կամ կառավարությունների ղեկավարներով:
Ուկրաինայի նախագահի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր ավելի քան 100 մասնակիցների համաձայնության մասին։
Համաժողովը տեղի կունենա հունիսի 15-16-ը։ Այն իրականացվում է Ուկրաինայի նախաձեռնությամբ՝ Շվեյցարիայի հետ համաձայնությամբ։ Ընդհանուր առմամբ, այսպես կոչված խաղաղության գագաթնաժողովին հրավիրվել են մոտ 160 պետություններ եւ կազմակերպություններ։ Դրանց գրեթե կեսը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Շվեյցարիայի նախագահն ասել է, որ դա ձախողում չի համարում։
Ամհերդը կրկնել է, որ թեեւ Ռուսաստանը հրավիրված չէ հանդիպմանը, սակայն քննարկումները կկենտրոնանան նաեւ այն հարցի վրա, թե ինչպես կարելի է Ռուսաստանին ներառել խաղաղ գործընթացում: Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ դա կարող է իրականություն դառնալ, եթե աշխարհի զգալի թվով երկրներ, այդ թվում՝ չեզոք երկրները, հաստատեն միասնական բանակցային դիրքորոշումը։
Միաժամանակ Ուկրաինան շարունակում է պնդել, այսպես կոչված, խաղաղության բանաձեւի վրա, որը նախատեսում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայի օկուպացված տարածքներից։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ նման պահանջներն անընդունելի են։
Համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են մի շարք երկրների ղեկավարներ։ Միացյալ Նահանգները կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը։ Հանդիպմանը մասնակցելուց հրաժարված երկրների թվում են Չինաստանը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի պետությունները։ Այսպես կոչված գլոբալ հարավի մի շարք երկրներ ներկայացված կլինեն ոչ թե ղեկավարության, այլ խորհրդատվական կամ դեսպանների մակարդակով: