Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մեկնարկից էլ իմպիչմենտի հեռանկարն անիրական է համարել՝ նույնիսկ մայիսի 9-ի տպավորիչ հանրահավաքից հետո:
«Սա, իհարկե, 2018-ից հետո ամենազանգվածային գործընթացն է, բայց հանուն արդարության պետք է նշել, որ դեռեւս համաժողովրդական շարժում չէ: Այդ պարագայում իշխանության ներսում ճաքեր չեն առաջանալու, հետեւաբար իմպիչմենտը իրականանալու շանս գրեթե չունի»,- «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշում է փորձագետը՝ հավելելով, որ իրավիճակը պետք է գնա հստակեցման, որպեսզի հանգուցալուծումները պարզ լինեն։
Փոխարենը քաղաքագետն իրատեսական է համարում մեկ այլ մարտավարություն, որը կարող է հանգեցնել իշխանափոխության: «Օրինակ՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, Ազգային ժողովում առաջացնի շատ լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամ՝ ակտիվ բողոքի զուգակցմամբ, ապա մի քանի ամսվա ընթացքում կարող են արտահերթ ընտրություններ լինել»,- ասում է Սուրենյանցը՝ դրական գնահատելով Շարժման քաղաքական նոր քայլը:
Պարզ չէ՝ արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորները կգնան մանդատները վայր դնելու ճանապարհով: Ըստ քաղաքագետի՝ հակառակն ընտրելու դեպքում հետեւությունները պետք է թողնել հասարակությանը:
Ինչ վերաբերում է գործընթացին իշխանությունների արձագանքին, քաղաքագետը նշում է, թե նրանք շարունակում են երկու զգայուն հարցի վրա խաղալ։ Առաջինը, որ վերադառնում են «նախկինները», երկրորդը՝ «եթե մենք չլինենք, կլինի պատերազմ»։ Ըստ փորձագետի՝ այդ երկու քարոզչական թեզերի ազդեցությունն էլ աստիճանաբար թուլանում է:
«Ակնհայտ է, որ Բագրատ Սրբազանի հետեւում «ականջներ» փնտրելն անիմաստ է հատկապես այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվել են հենց այս իշխանության օրոք՝ դատական կարգով: Ինչ վերաբերում է պատերազմի ռիսկերին, հենց իշխանությունն է իր քաղաքականությամբ նպաստում պատերազմի ռիսկերի ավելացմանը։ Այս սողացող կապիտուլյացիայի քաղաքականությունը ամենեւին խաղաղության հոմանիշ չէ»:
Ինչ վերաբերում է դիտարկումներին՝ արդյո՞ք ընդդիմություն իսկապես ուզում է իշխանափոխություն անել, թե՞ երկրում տիրող իրավիճակին ավելի հարմար է հենց ընդդիմադիրների դիրքից հետեւելը, քաղաքագետը նշում է՝ ընդդիմության առնվազն մի մասն իշխանափոխություն ուզում է միայն այն պարագայում, եթե հենց ինքը դառնա հաջորդ իշխանությունը։ «Քանի որ դա շատ դեպքերում հնարավոր չէ, գերադասում են ստատուս քվոն պահել, մինչեւ ավելի բարենպաստ իրավիճակ կլինի»։
Դրանից բացի՝ Հայաստանին ցանկացած դեպքում հեշտ լուծումներ չեն սպասվում՝ ով էլ լինի իշխանություն: «Ակնհայտ է, որ իշխանափոխությունը չի չեզոքացնելու Ալիեւի ագրեսիվ օրակարգը։ Այլ խնդիր է, որ ռիսկերը կառավարելու հնարավորություն կարող ենք ստանալ»,- ասում է Սուրենյանցը:
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը չպետք է ժամկետներ հայտարարի, քանզի գործընթացը կախված չէ միայն ցանկություններից. բազմաթիվ գործողությունների համախումբ կա:
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ պետք է սպասել Շարժման դրած նպատակների արդյունքներին: Այս պահին այն դեռ իր բարձրաձայնած նպատակների ճանապարհին է, հետեւաբար գնահատել հնարավոր է միայն այդ ճանապարհն անցնելուց հետո:
«Կարծում եմ՝ անցնող ամսվա ընթացքում շարժման ընդհանուր դինամիկան պահպանված է, եւ դրա չափման միավորը միայն հավաքների բազմամարդությունը չէ: Բնական է՝ կարող են լինել թե՛ բազմամարդ, թե՛ ավելի պակաս մասնակիցներով հավաքներ, բայց ընդհանուր դինամիկան պահպանվում է»,- նշում է փորձագետը:
Նա կարեւորում է՝ ծավալվող գործընթացները հրապարակայինից զատ ունենում են «ստորջրյա» աշխատանքներ՝ տնտեսական, քաղաքական էլիտաների մակարդակում: Ինչպես Սրբազանի առաջնորդած շարժումը միատարր չէ (որքան էլ տարբեր քաղաքական ուժերի հավաքականություն է ձեւավորված), այնպես էլ միատարր չէ իշխանությունը:
«Վերջինիս ներսում կան տարբեր խմբեր, եւ երբ հասարակական-քաղաքական լայն գործընթացներ են ծավալվում, տարբերությունները ինքնաբերաբար սկսում են զգալի դառնալ: Դա չի նշանակում, թե իշխանության ներսում կան ճաքեր, բայց հարց է առաջանում՝ շարժումն ինչպես է կարողանում օգտագործել իշխանության ներսում եղած ոչ «մոնոլիտ» իրավիճակը»: Ամեն ինչ կախված է նրանից, թե Բագրատ Սրբազանն ինչպես կաշխատի թե՛ հրապարակում, թե՛ «խոհանոցային» մակարդակում՝ տարբեր տնտեսական, քաղաքական էլիտաների հետ»:
Ինչ վերաբերում է հանրային տրամադրություններին, Բադալյանն ասում է՝ անգամ տարօրինակ կլինի, որ Հայասատանում հանրության մեծամասնությունն այս իրավիճակում չակնկալի փոփոխություններ: Միեւնույն ժամանակ, նաեւ տարօրինակ կլինի մերժել այն հանգամանքը, որ այդ փոփոխությունների ակնկալիքները կարող են կապված լինել տարբեր ուժերի հետ:
«Հանրության մի մեծ մաս կարող է ապավինել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, բայց, միեւնույն ժամանակ, գուցե ոչ պակաս զգալի շերտեր, օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, փոփոխությունների այլ պատկերացումներ ունենան»,-ասում է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ այն, որ հասարակության մեծ մասը չի վստահում գործող իշխանությունը, ակնհայտ է ոչ միայն տրամադրություններին ծանոթանալով կամ սոցիոլոգիական հարցումներն ուսումնասիրելով, այլեւ այս իշխանության կազմակերպած եւ անցկացրած Երեւանի ավագանու ընտրություններով:
«Քարոզարշավի վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանն անձամբ ներգրավվեց պրոցեսում եւ դրա օրակարգը դարձրեց համապետական՝ հայտարարելով, որ այն ոչ թե Երեւանի ավագանու քվեարկություն է, այլ ՀՀ-ի ինքնիշխանության եւ անկախության:Անգամ այդ շեշտադրումներով եւ Նիկոլ Փաշինյանի անձնական ներգրավմամբ իշխանությանը չհաջողվեց ստանալ այնքան ձայն, որը թույլ կտար միանձնյա մեծամասնություն ձեւավորել Երեւանի ավագանիում»,-նշում է Բադալյանը:
Քաղաքագետն ընդգծում է՝ Հայաստանում ներքին զարգացումների տրամաբանության վրա ահռելի ազդեցություն ունեն արտաքին միջավայրում տեղի ունեցող գործընթացները: Պետք է այդ հանգամանքը պահել ուշադրության կենտրոնում: «Հայաստանի շուրջ այնպիսի մարտահրավերներ կան, որոնց ծավալումը այս կամ այն կերպ էական եւ նույնիսկ վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ ներքաղաքական զարգացումների վրա»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: