ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը քվեարկել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ԱՄՆ ծրագրին աջակցելու օգտին։ Այն ներառում է զինադադար, պատանդների փուլային ազատում եւ իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից։
Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին խաղաղության ծրագիրը «անհապաղ» եւ «առանց լրացուցիչ պայմանների» ընդունելու կոչող բանաձեւին կողմ է քվեարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը։ Ձեռնպահ մնացող երկիրը Ռուսաստանն էր։
Հիշեցնենք, որ հակամարտության դադարեցման ծրագիրը մայիսի վերջին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Դրա առաջին փուլը ներառում է պատանդառվածների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, ինչպես նաեւ ժամանակավոր զինադադարի հաստատում։ Երկորդ՝ պատանդառվածների վերջնական ազատում, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում եւ Իսրայելի պաշտպանության բանակի ամբողջական դուրս բերում Գազայի հատվածից։
Վերջին եւ երրորդ փուլն էլ դիտարկում է մահացած պատանդների աճյունների եւ մարմինների փոխանակում, նչպես նաեւ միջազգային ծրագրի նախապատրաստում, որը կենթադրի իսրայելական բանակի գործողությունների հետեւանքով ավերված Գազայի վերականգնումը։
ՄԱԿ-ի բանաձեւի տեքստը նաեւ վերահաստատում է Անվտանգության խորհրդի «անդրդվելի հանձնառությունը»՝ աջակցելու անկախ Պաղեստին պետության ծրագրին: «Այս առումով ընդգծվում է Հորդանան գետի արեւմտյան ափի հետ Գազայի հատվածը միավորելու կարեւորությունը՝ Պաղեստինի կառավարության վերահսկողության ներքո»,-ընդգծվում է բանաձեւի տեքստում։
Իսրայելն ավելի վաղ հայտնել էր առաջարկվող պայմանների սկզբունքային համաձայնության մասին:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը երկուշաբթի օրը նշել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի այս ծրագրին, ապա Գազայում կռիվները կարող են ավարտվել այսօր։
ՀԱՄԱՍ-ն էլ արդեն հայտարարել է, որ «ողջունում է բանաձեւի ընդունումը»՝ չմեկնաբանելով դրա անհապաղ իրականացման պարտավորությունը։