Եվրոպական երկրների եւ գազային ընկերությունների ներկայացուցիչները ուկրաինացի գործընկերների հետ բանակցություններ են վարում 2024 թվականի վերջին պայմանագրի ավարտից հետո Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու շուրջ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցույուններին ծանոթ աղբյուրներին։
Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին, եւ Կիեւը չի նախատեսում այն երկարաձգել «Գազպրոմի» հետ։ Սակայն, ըստ Bloomberg-ի աղբյուրների, առաջարկվող հնարավոր տարբերակն այն է, որ եվրոպական ընկերությունները գազը գնեն Ադրբեջանից եւ այն Եվրոպա տեղափոխեն նույն ռուսական խողովակաշարերով։
Ուկրաինական «Նավթոգազ» պետական ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Չերնիշովը բացառել է ռուսական «Գազպրոմի» հետ համագործակցությունը, սակայն ընդգծել է, որ Ուկրաինան ունի «անհավանական գազի տարանցման եւ պահեստավորման ենթակառուցվածք, որը պետք է օգտագործվի»: Նրա խոսքով, Ադրբեջանից գազի մատակարարումները «կարող են որոշակի ապագա ունենալ»։
Bloomberg-ը նշում է, որ Սլովակիան այն առանցքային երկիրն է, որը կարող է օգուտ քաղել այս տարբերակից՝ հիշեցնելով, որ այդ երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն նման հնարավորության մասին խոսել էր դեռ մայիսին՝ Ադրբեջան կատարած այցից հետո։ Պարբերականի փոխանցմամբ, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա Սլովակիան կկարողանա գազ ներկրել Ադրբեջանից՝ մի մասը պահելով սեփական օգտագործման, մի մասն էլ ուղարկելով այլ երկրներ։
Ռուսաստանը կարող է շահել այս պլանից, եթե տարանցումը կազմակերպվի փոխանակման ձեւաչափով, որը թույլ կտա Մոսկվային իր գազն ուղարկել այլ տարածաշրջաններ: Ինչպես նշում է Bloomberg-ը, նման փոխանակումը հաճախ օգտագործվում է արդյունաբերության մեջ, երբ ֆիզիկապես անհնար է դառնում վառելիք տեղափոխել մի վայրից մյուսը։
Պարբերականի աղբյուրները նշում են, որ բանակցությունները դեռ վաղ փուլում են, եւ որոշում չի սպասվում մինչեւ 2024 թվականի վերջը: Պարզ չէ նաեւ գործարքի կնքնման հեռնակրները։ Որոշումներ կայացնելու համար կարեւոր գործոն կարող են լինել նաեւ մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները:
Ադրբեջանի պետական Socar էներգետիկ ընկերությունը չի պատասխանել մեկնաբանություն տալու խնդրանքին։ ՌԴ կառավարությունն ու «Գազպրոմը» նույնպես չեն մեկնաբանել տարանցման պահպանման հետ կապված հարցերը։