Խոստովանությունը տաշեղ-բացիկի վրա 19-ամյա Գեորգի Տարիելաշվիլին է արել 1938 թվականին եւ Ալավերդուց ուղարկել Թբիլիսիում ապրող սիրելիին՝ Եկատերինա Սուխիշվիլիին։ Մեկ տարի անց սերը վերջինիս Ալավերդի է բերել․ նա եւ Գեորգին ամուսնացել են։
Ազգությամբ վրացի Գեորգիի համար այս քաղաքը դեռ մանկության տարիներից է տուն դարձել, երբ ծնողների մահից հետո յոթամյա տղային ավագ քույրը Թբիլիսիից Ալավերդի է բերել։ Նրանց տիրություն պետք է աներ իրենց մոր՝ Մադան գյուղում ապրող հույն ազգականը։
Երբ չափահաս են դարձել, Գեորգիի քույրն ամուսնացել է Ալավերդու տարածաշրջանի մեկ այլ բազմազգ (հայ, հույն, վրացի եւ այլն) գյուղում՝ Շամլուղում։ Իսկ Մադանում ապրող տղային անձնագիր ստանալիս Տարիելով ազգանվամբ են գրանցել։ Տարիներ անց կինն է ամուսնուն վերադարձրել վրացական ազգանունը։
«Պատռած, մաշված թուղթ» էր, մայրն է տարել Վրաստան եւ մեծ ջանքերի գնով «ով»-ը «շվիլի» դարձրել»․ նրանց աղջիկներն են հիշում։
Հին Ալավերդու կենտրոնում՝ «Ռադիոհանգույցի» շենքի երկսենյականոց բնակարանում է ապրել Տարիելաշվիլիների ութ հոգանոց ընտանիքը։
«Մենք բոլորս ծնվել ենք «ռադիոուզելի» շենքում ու մինչեւ 1970 թիվն էդտեղ ենք ապրել։ Էնքա՜ն լավ ու համերաշք ենք եղել։ Համարյա ամեն երեկո մամաս կիթառ էր նվագում, վրացերեն երգում էր, ես պարում էի։ Մի հատ էլ պղինձ ունեինք, ջրով դրած, էնքան պարեցի, ընկա ջրի մեջ (ծիծաղում է — հեղ)։ Հարեւանները զարմանում էին, որ ամեն օր մեր տանը ուրախություն էր, երգ ու պար։ Բոլորս միասին վրացերեն էինք երգում»,- պատմում է 80-ամյա Մերի Տարիելաշվիլին։
Կռունկավար Գեորգիի եւ հաշվապահ Եկատերինայի ընտանիքում ուրախությունը՝ շատ, ապրուստը քիչ է եղել։ Լավ չեն ապրել, երեխաներին մեկը մյուսի հագուստով են մեծացրել, բայց դրանից երբեք չի պակասել սիրո եւ համերաշխության չափը։ Մեծ հայրենականի տարիներին բազմազավակ Գեորգիին պատերազմ չեն տարել․ պահանջված մասնագետ է եղել։ Բայց ընտանիքը մեկ այլ փորձության առջեւ է կանգնել։
«Արդեն երեք երեխաներս կայինք, պապաս գործարանում կռանից ընկել էր, ծանր վնասվածքներ ստացել, մամաս բուժում, խնամում էր իրան։ Հիշում եմ, որ իմ տատն ու պապը լիքը զամբյուղներով գալիս էին Վրաստանից։ Չեմ կարա մոռանամ նրանց հոգատարությունը, թե ոնց էին սիրում պապայիս։ Սոված չէինք, բայց էլի է՛ն չէր մեր ապրելակերպը։ Շատ ժամանակ հացը խանութից պարտքով էինք վերցնում, գիտեին, որ ամսվա վերջում պիտի տայինք գումարը», — հիշում է 67-ամյա տիկին Քեթեւանին, որ երեխաներից հինգերորդն է։
Տարիելաշվիլի քույրերը՝ Մերին, Քեթեւանին եւ Ռուսուդանին ընտանեկան ալբոմն են թերթում։ Իրենց հայրական՝ արդեն երկրորդ տանն են, որտեղ հիմա Ռուսուդանիի ընտանիքն է բնակվում։ Հիշողությունները ոչ միայն ծնողների, այլեւ կյանքից վաղաժամ հեռացած քույր-եղբայրների մասին են, որոնց հետ ե՛ւ սովորել, ե՛ւ տան մասին են հոգ տարել։ Ասում են՝ հայրը մանկուց աշխատասիրություն ու կարգապահություն է սովորեցրել, հետո՝ պարտադրել։ Ընտանիքում աշխատանքը բաշխված է եղել բոլորի միջեւ։
«Իրանք տարբերություն չեն դրել՝ տղամարդ ա, թե կին։ Մամաս գործի էր գնում, պապաս շատ արագ, առանց ամաչելու, շորը վերցնում էր, պատուհանները մաքրում, ափսեները լվանում, ճաշ եփում, հատակը լվանում։ Մեր վերնաշապիկներն էր լվանում, արդուկում։ Ես երրորդ դասարան էի, երբ հին տանից եկել ենք էստեղ, բայց էդ բաները պարզ հիշում եմ։ Մենք դա՛ ենք տեսել, բայց հայի հետ ընտանիք կազմելով՝ նման երեւույթ չենք տեսել։ Մեր տղամարդիկ երբեք տան գործ չեն արել»,- ասում է տիկին Ռուսուդանին։
Քույրերը կատակում են, ծիծաղում, հետո պատմում եղբայրների մասին, թե ինչպես են հոր օրինակով «պահել» իրենց կանանց՝ ճաշ եփելուց մինչեւ երեխաներին բարուրելը։ Բայց իրենց հայազգի ամուսիններն էլ Տարիելաշվիլի ընտանիքից քիչ բան չեն սովորել․ համերաշխությունը չորս փեսաներին եղբայր է դարձրել։
«Չորս քույր ենք, եւ մեր բոլորիս երեխաները չորս մամա ունեն, մեկին մյուսից չենք տարբերել։ Եթե մեկը մի բան էր ուտում, պետք ա մյուսներին էլ հասցներ։ Լավ բանը պետք ա հասներ բոլորիս էրեխեքին»,- հիացմունքով ասում է տիկին Քեթեւանին։
«Մի պահ չկար, որ ծնողներս դժգոհեին թոռների ներկայությունից։ Բոլոր տոներին պարտադիր սեղան էին գցում, ու բոլոր աղջիկները, փեսեքը էստեղ էին գալիս։ Էդ հավաքույթները համախմբում էին բոլորիս։ Իրանց գնալուց հետո ես մի ամիս տուն էի դասավորում։ Բայց էնքա՜ն համուհոտ կար էդ ամենի մեջ։ Ու դա գալիս էր մեր ծնողներից։ Մինչեւ էսօր Էստեղ հավաքատեղի ա, մինչեւ էսօր ասում ենք՝ պապ ու տատի տունն ա»,- ասում է Ռուսուդանի Տարիելաշվիլին՝ երեխաներից կրտսերն ու բոլորի սիրելի Ռուսիկոն, ում իրենից 10-20 տարով ավագ քույր-եղբայրները երեխայի պես փայփայել են։
Ժորայի եւ Կատյայի մեծ ընտանիքը փոքր Ալավերդիում շատերն են մատնացույց արել՝ որպես լավ օրինակ։ Շատ երեխաներ ունեցող ընտանիքներին բնորոշ դժվարությունները չեն խանգարել, որ ամուսիններն իրենց զավակներին կրթության տան, հացի տեր դարձնեն։ Եվ այնպես անեն, որ չպակասեն սերն ու հոգատարությունը միմյանց եւ շրջապատի հանդեպ։
«Մեր շենքում տարիքով ամենամեծը իրենք էին։ Բոլոր հարսանիքներին պարտադիր կանչում էին պապայիս ու մամայիս։ Վրացական էին պարում, էնքա՜ն լավ էին երգում։ Մարդիկ կան՝ մինչեւ էսօր էս շենքում են ու հիշում են մորս թեթեւ պարը, հորս վեհ կեցվածքը»,- ասում է 64-ամյա Ռուսուդանի Տարիելաշվիլին։
Ազգությամբ վրացի ընտանիքի միայն ավագ որդին՝ Մուրթազն է դպրոցն ավարտելուց հետո՝ 1957-ին, Թիֆլիս տեղափոխվել եւ մինչեւ կյանքի վերջ ապրել այնտեղ։ Մյուսներն էլ Հայաստանում ապրելով են պահել իրենց ազգային ինքնությունը։ Մինչեւ ամուսնանալը Տարիելաշվիլի քույրերը հայրական տանը վրացերենով են հաղորդակցվել։ Հետո, ասում են, սկսել են ամաչել ու կամաց-կամաց հայերենի են անցել, որ չտարբերվեն ու չառանձնանան մյուսներից։
Հատկապես տոներին Տարիելաշվիլիների տանը սեղանին բացառապես ազգային ուտեստներ են դրվել։ Նոր տարին սկսել են չուչխելի եւ կոզինախի համտեսով, որ ամբողջ տարին «քաղցր» լինի։ Իսկ սացիվին, չխրթման եւ վրացական խոհանոցի այլ հայտնի ճաշատեսակներն այս տանը ամեն օր են պատրաստվել։
Տիկին Ռուսուդանին ժպիտով է հիշում՝ ամուսնանալուց հետո է առաջին անգամ հայկական թանապուր փորձել։ Շատ է հավանել ու նախատել մորը, որ այդ համից «անտեղյակ» են մեծացել։
Ընտանեկան ալբոմի լուսանկարները քույրերին կրկին «ռադիոհանգույցի» շենքի հին բնակարան են տանում, որտեղ չափազանց հոգատար հայրը դպրոցից նոր տուն մտած Մերիի՝ ձյունից թրջված հագուստն էր փոխում, փաթաթում շալով, հետո տաք թեյ տալիս։ Իսկ Քեթեւանիին մշտապես բազմապատկման աղյուսակն էր հարցնում՝ անգամ հացի սեղանի շուրջ։
Հայրական կողմից «որբ», գրեթե առանց հարազատների մեծացած Տարիելաշվիլիներին մայրական կողմի պապն ու տատը եւ բոլոր հարազատներն են սեր տվել։ Ասում են՝ նրանց շնորհիվ է, որ իրենց արմատներից չեն կտրվել։
«Մենք բոլոր ամառները Թբիլիսիում ենք անցկացրել։ Մորաքույրներս էլ, քեռիս էլ մեզանից շատ լավ էին ապրում ու մեզ իրանց էրեխեքից չեն տարբերել։ Հենց գնում էինք Թիֆլիս, անմիջապես կտոր էին առնում, սիրուն զգեստներ կարում ու հագցնում մեզ։ Շատ ուշադիր ու հոգատար էին։ Հիմա կապը առաջվանը չի, մեկ-երկու տարին մեկ ենք կարողանում գնալ։ Ավելի շատ ինտերնետով ենք զանգում։ Մեր տատիկ-պապիկի տանը հիմա ապրում են մեր քեռու տղերքը՝ իրանց էրեխեքով, ընտանիքներով։ Շատ համերաշխ։ Եթե էսօր էլ տասը հոգով գնանք, թեկուզ անծանոթի հետ, սեղան կգցեն եւ կընդունեն»,- ասում է Մերի Տարիելաշվիլին։
«Էն ժամանակ՝ 1960-ականներին, մեքենաներ կային։ Պապաս մամայիս համար ժակետ էր գործել տվել։ Մամաս հենց հագավ, պապաս լացեց, որ կարողացել էր մորս համար նոր շոր առնել»․ տիկին Ռուսուդանին ծնողների հետ կապված հերթական դրվագը հիշեց, որն առանց հուզմունքի չկարողացավ պատմել։ Հետո անկեղծացավ՝ «երբ զանգեցիք, ասիք, որ ուզում եք հարցազրույց անել, մեր ծնողների խաթեր համաձայնեցինք, որ իրանց մեծ սիրո մասին պատմենք, հոգատարության․․․ որ իրենք երբեք չմոռացվեն»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։