Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բեռլինում ընթացող Ուկրաինայի վերակառուցման համաժողովի ընթացքում հաստատել է, որ Կիեւն իրականացրել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչեւ հունիսի վերջ սկսելու համար։ Այս մասին գրում է «Украинская правда» պարբերականը։
«Ուկրաինան իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնք մենք սահմանել ենք։ Եվ այս պատճառով մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է սկսի Կիեւի հետ անդամակցության բանակցությունները մինչեւ այս ամսվա վերջ»,-ասել է ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան հուլիսին ռուսական սառեցված ակտիվներից 1,5 միլիարդ եվրո եկամուտ կստանա։ Նա պարզաբանել է, որ այդ գումարի 10%-ը կուղղվի Ուկրաինայի վերակառուցմանը, իսկ մնացածը՝ երկրի պաշտպանական կարիքներին։
Հունիսի 7-ին Եվրահանձնաժողովը դրական էր գնահատել Ուկրաինայում եւ Մոլդովայում իրականացվող բարեփոխումների առաջընթացը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին այդ երկրների անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար։ Սակայն, Հունգարիայի առարկությունների պատճառով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու շուրջ ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ համաձայնության հասնել չի հաջողվել:
«Интерфакс-Украина» գործակալությանը եվրոպացի դիվանագետներից մեկը անանուն մնալու պայմանով պատմել էր, թե ինչպիսի քննարկումներ են տեղի ունեցել Ուկրաինայի անդամկցության շուրջ բանակցությունների ժամանակ։
«Հունգարիան կրկին հիշեցրեց 11 հարցերը, բանակցային շրջանակում ընթերցեց երկու ուղղում բարիդրացիական հարաբերությունների եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ եւ նշեց, որ մենք (ԵՄ) պետք է առաջ շարժվենք նաեւ Սերբիայի եւ Ալբանիայի հետ: Մենք բոլորս, բացի Հունգարիայից, բարձրաձայն եւ հստակորեն պաշտպանել ենք Հանձնաժողովի գնահատականը եւ մերժել ենք նոր պահանջների ներկայացումը։ Մենք բոլորս կողմ ենք հունիսի 25-ին միջկառավարական համաժողովի անցկացմանը»,-պատմել էր գործակալության աղբյուրը։