Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնություն է հայտնել Գազայի հատվածում Իսրայելի հետ պատերազմին վերջ տալու ՄԱԿ-ի առաջարկած ծրագրին: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, շարժումը պատրաստ է քննարկել ՄԱԿ-ի բանաձեւում առաջարկված ծրագրի մանրամասները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը լուրն անվանել է «հուսադրող նշան»։
Քաթարի եւ Եգիպտոսի միջնորդները հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ից պաշտոնական պատասխան են ստացել ՄԱԿ-ից առաջարկված խաղաղության առաջարկին: ՀԱՄԱՍ-ը եւ նրա դաշնակից մեկ այլ պաղեստինյան խմբավորում «Իսլամական ջիհադը» երեքշաբթի համատեղ հայտարարությամբ արտահայտել Գազայում պատերազմին վերջ տալու եւ «դրական պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությունը», ասել են միջնորդ դիվանագետները:
Չնայած դրան, եւ՛ Իսրայելը, եւ՛ Համասը, հայտարարելով, որ ծրագիրը համապատասխանում է իրենց «հակասական» շահերին, այնուամենայնիվ կասկածներ են հայտնել ծրագրի նպատակների իրագործելիության վերաբերյալ։
Reuters-ին պաղեստինյան շարժման պաշտոնյան նշել է, որ ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ շարժման դիրքորոշումն ուղղված է այնպիսի համաձայնության հասնելուն, որը վերջ կդնի Պաղեստինի ժողովրդի դեմ «սիոնիստական ագրեսիային» եւ կապահովի իսրայելական ուժերի դուրսբերումը, Գազայի վերականգնումը եւ գերիների «լուրջ փոխանակումը»:
Գազայի հետպատերազմյան զարգացման պլանների քննարկումը կշարունակվի եւս մի քանի օր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը Թել Ավիվում Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո։
Նշենք, որ երեքշաբթի օրը տարածաշրջանային այցով Իսրայել ժամանած Բլինկենը հանդիպել է իսրայելցի պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկել են ՀԱՄԱՍ խմբավորման դեմ Իսրայելի օդային եւ ցամաքային հարվածները դադարեցնելու հնարավորությունը։