Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Ռուսաստանի նորագույն պատմության այս կարեւոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ եւ ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ:
Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների եւ երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դարավոր հարաբերությունները այսուհետ եւս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։
Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ բոլոր ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ:
Վստահ եմ, որ մեր պետությունների կառավարությունների միջեւ փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ եւս կշարունակի զարգանալ առեւտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների:
Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալից օրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն եւ հետագա հաջողություններ»։