ՄԱԿ-ը Իսրայելի պաշտպանության բանակը եւ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը ներառել է երեխաների նկատմամբ բռնություն գործադրողների ամենամյա սեւ ցուցակում: Կազմակերպության որոշումը վրդովմունք է առաջացրել Իսրայելի իշխանությունների մոտ։
«Ես ապշած եմ Գազայի հատվածում, Իսրայելում եւ օկուպացված Արեւմտյան ափում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում, երեխաների նկատմամբ կոպիտ խախտումների կտրուկ աճից, աննախադեպ մասշտաբներից եւ ինտենսիվությունից»,-հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Երեխաների եւ զինված հակամարտությունների մասին տարեկան զեկույցը, որն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, անուններ է տալիս եւ դատապարտում նրանց, ովքեր հավաքագրում, սպանում, խեղում կամ առեւանգում են երեխաներին, նրանց նկատմամբ սեռական բռնություն գործադրում եւ հարձակումներ գործում դպրոցների ու հիվանդանոցների վրա:
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ զեկույցում ասվում է, որ ՄԱԿ-ը հաստատել է ավելի քան ութ հազար լուրջ խախտում իսրայելցի եւ պաղեստինցի երեխաների նկատմամբ: Դրանցից 113-ը կատարվել է իսրայելցի երեխաների դեմ, իսկ մնացածը` Իսրայելում եւ պաղեստինյան տարածքներում գտնվող պաղեստինցի երեխաների դեմ:
Իսրայելի պաշտոնյաները վրդովմունք են հայտնել ցուցակում ընդգրկվելու համար, որտեղ ներառված են նաեւ Աֆղանստանում իշխող թալիբները եւ այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, ինչպիսիք են «Ալ-Կաիդան» եւ «Իսլամական պետությունը»:
«Այսօր ՄԱԿ-ն իրեն ավելացրել է պատմության սեւ ցուցակում՝ միանալով նրանց, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին», — հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նախորդ տարի «երեխաներին հասցված վնասի սեւ ցուցակում» ընդգրկվել էր Ռուսաստանի զինված ուժերը՝ ուկրաինական պատերազմի պատճառով։ Ռուսական բանակը այս տարի եւս մնաց ցուցակում, չնայած վերջինիս հասցեագրված հանցագործությունների թվի զգալի նվազմանը: