Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրերս տեղի ունեցավ Ամերիկյան հեռուտատեսային բարձրագույն մրցանակաբաշխությունը՝ «Էմմի»ն:
51-րդ անգամ այն գրավեց հեռուստատեսային աշխարհի նորություններին հետեւող հազարավորների ուշադրությունը:
«Էմմի»-ն ԱՄՆ-ի հեղինակավոր չորս մրցանակաբաշխություններից մեկն է: Մյուս երեքն են՝ «Գրեմմի»-ն (երաժշտություն), «Օսկար»-ը (կինո) եւ «Թոնի»-ն (թատրոն):
Այս տարվա «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը հայաստանցի լրագրող, վավերագրող, այժմ՝ ամերիկաբնակ Անուշ Էլբակյանն ութերորդ անգամ ստացավ ամերիկյան հեռուստալրագրության բարձրագույն պարգեւը՝ «Բոստոն Գլոբ» լրատվամիջոցի տեսաբովանդակային բաժնում կատարած իր աշխատանքի համար:
Ամերիկյան լրատվական ասպարեզում հաջողության հասած հայերի թիվը մեծ է: Նրանք տարբեր տարիների մասնակցել են ամերիկյան նշանավոր թերթերի, ամսագրերի, հեռուտատեսության, ռադիոյի եւ լրատվության այլ միջոցների գլխավոր հաջողությունների կերտմանը, բայց հեղինակավոր մրցանակակիրները, մանավանդ՝ «Էմմի»-ի արժանացածները քիչ են, իսկ այսպիսի հաջողության դեռ ոչ ոք չի հասել:
34-ամյա Անուշ Էլբակյանն իր տարիքի համեմատ արժանացել է ամենամեծ թվով մրցանակների, որոնցից ութը՝ «Էմմի», երկուսը՝ «Պուլիցեր»: Նա ստացել է նաեւ Էդուարդ Մուրոյի եւ Սքրիփս Հովարդի անվան մրցանակները, ինչպես նաեւ՝ համացանցային լրագրողական ընկերության մրցանակը:
Սրանք նույնպէս մեծ կշիռ ունեն, եւ ԱՄՆ-ում կարեւորություն է տրվում մրցանակակիր լրագրողներին՝ իբրեւ արհեստավարժների:
Անուշ Էլբակյանը «Բոստոն Գլոբ» լրատվական խոշոր ընկերության տեսաբովանդակային բաժնի տնօրենն է: Այդ պաշտոնին հասել է երկար տարիների աշխատանքով՝ ստեղծելով տեսաֆիլմեր, վավերագրական նյութեր, հետաքննական ծրագրեր, որոնք կարեւոր խնդիրներ են արծարծում։
Անուշը ծնվել է Երեւանում, մեծացել արվեստի միջավայրում, որը նրա շուրջը ստեղծել է հայրը՝ դերասան, ռեժիսոր, հեռուստալրագրող Արթուր Էլբակյանը։