«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ նախօրեին՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ եւ ոստիկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Լուսաձայնային նռնակի պայթունի հետեւանքով դաստակի վնասվածք ստացած անձի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար, իսկ մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ տուժածների թվում 16 ոստիկան կա։
Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ տեղի ունեցածից հետո «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իրականացնելու դեպքով» քրեական վարույթ է նախաձեռնվել։