Բուդապեշտը չի արգելափակի Ուկրաինային օգնություն տրամադրելու ՆԱՏՕ-ի որոշումները՝ պայմանով, որ Հունգարիան ինքը չմասնակցի դրանց իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի Բուդապեշտ կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ստոլտենբերգը հաստատել է նման համաձայնության ձեռքբերումը։ Մասնավորապես, Հունգարիան չի ֆինանսավորի Ուկրաինային զենքի մատակարարումը կամ իր զինվորականներին չի ուղարկի ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու համար: Օրբանը նաեւ նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից դուրս Հունգարիան չի մասնակցի ՆԱՏՕ-ի որեւէ առաքելության, այդ թվում՝ Ուկրաինայում, եթե այնտեղ ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկվեն։
Ստոլտենբերգը Բուդապեշտ այցելել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որի ընթացքում սպասվում է, որ դաշինքը համաձայնության կգա Ուկրաինային աջակցելու համար տարեկան 40 միլիարդ եվրոյի օգնությունտրամադրելու շուրջ։
Բուդապեշտը խոստացել է չարգելափակել այդ որոշումները՝ պայմանով, որ նա չմասնակցի դրանց իրագործմանը։ Ստոլտենբերգը նշել է, որ «ընդունել է այդ դիրքորոշումը»։ Միաժամանակ նա նշել է, որ վարչապետ Օրբանն իրեն վստահեցրել է, որ Հունգարիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ եւ կկատարի իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ։
Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի առնչությամբ տարբերվում է ԵՄ եւ ՆԱՏՕ-ի երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշումից։ Բուդապեշտը, մասնավորապես, կոչ է անում խաղաղ բանակցություններ վարել առանց նախապայմանների, ինչն անընդունելի է Կիեւի համար։ Հունգարիան նաեւ հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային եւ հաճախ քննադատում է երկրի իշխանություններին։ Միեւնույն ժամանակ, Բուդապեշտը, որպես կանոն, չի արգելափակում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի որոշումները՝ երբեմն բանակցությունների ընթացքում իր համար որոշակի բացառություններ կամ օգուտներ փնտրելով։