Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգեւր խորհուրդը տարածած հայտարարության մեջ «խստիվ դատապարտում է» հունիսի 12-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված «ակնհայտ ապօրինի քայլերը եւ գործադրված միջոցները»։
Եկեղեցին Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ «բռնությունից, ատելություն եւ թշնամանք սերմանելու մերժելի դրսեւորումներից», իսկ ցուցարարներին՝ գործել ամենայն զգոնությամբ եւ օրինահարգությամբ։
«Դատապարտելի է նաեւ, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետեւողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն եւ ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսեւորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը»,-ասվում է Գերագույն հոգեւր խորհուրդի հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ բոլոր ժամանակներում իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը եւ համազգային միաբանության ձեւավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։
«Իշխանությունն ինքնին որեւէ մեկի կամ որեւէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին եւ հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության եւ խաղաղ ու ապահով կյանքի կերտման»,-ասվում է հայտարարության տեքստում։
Նախօրեին վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ Բաղրամյան պողոտայում բախումներ եղան։ Այսօր Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց 101 տուժածի մասին, որոնցից 85-ը արդենդ դուրս է գրվել, իսկ 16-ը հոսպիտալացվել։
ՀՀ Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել»։