Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ եւ ակնկալում է, որ երկրների միջեւ հարաբերությունները կշարունակվեն գործընկերության եւ դաշինքի գծով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային եւ դաշնակցային հարաբերություններին»,-նշել է խոսնակը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունը։
Պեսկովը նաեւ նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները եւ ՌԴ հավաքական անվտանգության ոլորտում առաջնահերթությունները լավ են հասկանում ու կիսում են [ՀԱՊԿ] անդամ երկրները։