Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ոստիկանությունը նախօրեին Բաղրամյան պողոտայում ստիպված էր դիմել ուժի կիրառման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։
«Մենք ցույցերի կազմակերպիչներին շատ անգամներ զգուշացրել ենք, որ զերծ մնան ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն չանեն։ Բայց, ցավոք սրտի, նրանց պահվածքն այլ էր, եւ ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որ պարտավոր էին անել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունը հակված չէ որեւէ քաղաքացու համար խնդիրներ ստեղծել կամ որեւէ մեկին ուժով կարգի հրավիրել։
Խաչատուրյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են տեղի ունեցող բոլոր գործընթացները լուծել ժողովրդավարության շրջանակներում եւ ցավ հայտնել, որ հավաքի կազմակերպիչներն այլ տրամաբանությամբ են աշխատում։
«Նրանց, երեւի, ինչ-որ ձեւով չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։