Ջրհեղեղից քսան օր անց, երբ Դեբեդի ջրերը հետ են քաշվել, աղետից տուժած Նունե Էլիբեկյանը ռետինե երկարաճիտ կոշիկներից, մեկ է, չի հրաժարվում։ Նրա տունը, որ գետի ափին էր, ծառերի տակ, գետի մեջ է հայտնվել, այգին ջրի տակ անցել։ Եվ որքան էլ ժամանակ անցնի, ջրերը բարակեն, տունը բնակելի չի դառնա․ այս հատվածում Դեբեդն իր հունը փոխել է։
Ալավերդու Բաղրամյանգ թաղամասի ցածրադիր հատվածն է, ուր հասնելու համար տեղաբնակները նախ միջպետական մայրուղին, ապա երկաթգիծն են հատում։ Այստեղ բերող մյուս՝ մեքենայի ճանապարհը, Սանահին կայարան թաղամասի կողմից է։
Նախկին ջրաղացի տարածքում 4-5 տասնամյակ առաջ մարդիկ այգիներ են գցել, տներ կառուցել։ Նունեի ընտանիքը 15 տարի էր, ինչ այստեղ էր ապրում։ Տունն ուրիշից են գնել, սկսել այգեգործությամբ եւ անասնապահությամբ զբաղվել։
Մի քանի տասնյակ հավ, նապաստակ, երկու մեղվաընտանիք, խոզ, հորթ, պտղատու հին ու նոր ծառեր (ընկույզի, պնդուկի, թթի, խնձորի, սալորի, արքայանարնջի), մոշի, ազնվամորու թփեր մի քանի ժամում ջրի բաժին են դարձել։ Եվ հեղեղված տուն, որ թեեւ կանգուն է, բայց ապրելու համար անպիտան է դարձել։
Այսպիսի բան ոչ տեսել, ոչ էլ լսել էին։
«Եղել է՝ գարնանը, որ շատ անձրեւ էր գալիս կամ ԳԷՍ-երն էին բաց թողնում, ջրերը բարձրանում էին, լցվում էս ավտոյի ճանապարհ ու էլի հետ էին քաշվում։ Ընդամենը մեկ-երկու օր, ու անցնում էր։ Նման բան չի եղել երբեք։ Էստեղ ոչ մի տարածք ջուր չի լցվել, էսքան այգիներ կան», — պատմում է Նունե Էլիբեկյանը, հետո վերհիշում՝ խորհրդային տարիներին, երբ ինքը 10-12 տարեկան էր, երկաթգծի անվտանգությունն ապահովելու նպատակով պետությունը փոխել է Դեբեդի հունը․ ջրերը երկաթգծի տակ էին լցվում։
Վերջին տարիներին էլ Ալավերդու տարբեր հատվածներում, մասնավորապես Սանահին կայարան եւ Բաղրամյան թաղամասերում, Դեբեդի ճանապարհը ոչ թե փոխել, այլ նեղացրել են՝ գետի մեջ տոննաներով հող ու քարեր լցնելով։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական մայրուղու շինարարության մեջ ընդգրկված կազմակերպությունները, համայնքապետարաններից համապատասխան թույլտվություն ստանալով, շինարարության հետեւանքով առաջացած հողային զանգվածը Դեբեդի ափերին են կուտակել, որոշ տեղերում էլ հողը հարթեցրել, գետի միջով «ճանապարհ են գցել»։
«Ամուսինս հիվանդ էր, Կիրովական էինք գնացել, էկանք, տեսանք, որ արդեն հող են լցրել։ Ասին՝ շատ կբարձրացնենք, ձեզ չի խանգարի։ Շատ լավն էր, ուղիղ ճանապարհ էր, բայց չհասցրին ինչ-որ բան անեն, անձրեւները սկսվեցին, գետը էդ հողը քշեց, տարավ։ Հողը խանգարել ա նրանով, որ գետը տեղ չուներ, որ գնար, մտներ իրա հունը։ Կղզու բերանը բարձր էր, տների կողմը՝ ցածր, դե ջուրը չէր կարա բարձր մասը ճղի, ցածրն ա ճղել ու լցվել տներ»․ Նունեն փորձում է բացատրել, թե ինչպես են իրենց տների կողքով՝ գետի միջով, դեպի կղզի ճանապարհ բացել։
Գետի վարարման շրջանում՝ ապրիլ-մայիս ամիսներին, տներից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող «կղզի» կոչվող հատված գնալ ոչ-ոք չէր կարողանում, իսկ ամռան ամիսներին, երբ ջրերը նվազում էին, լողորդները, ձկնորսներն ու պարզապես բնություն սիրողներն այստեղից չէին հեռանում։ Դեպի կղզի ճանապարհը ջրի միջով էր՝ քարերի վրայով։
Աղետից առաջ՝ դեռ մայիսի 17-ին, Նունեենց տան դարպասներից Դեբեդը ներս է «մտնում»։ Աշխատանքի շտապող կինը անակնկալի է գալիս․ տան ամբողջ շրջակայքը ջրով էր լցված։
«Փրկարարներին զանգեցինք, ասին՝ դա մեր գործը չի։ Հետո համայնքապետարան դիմեցինք, ասին՝ մենք կասենք, կգան, կսարքեն։ Համայնքապետն ահազանգեց, շինարարները էկան, մի քան ավտո հող բերին, լցրին, ասին՝ անձրեւները հենց կտրի, կգանք, կսարքենք։ Ու սենց էղավ»։
Դեպքից մեկ շաբաթ չանցած՝ նոր ջրեր են հոսել։ Աղետն այստեղ ոչ թե մայիսի 26-ի գիշերը, այլ 25-ի երեկոյան՝ ժամը 22։30-ին է վրա հասել։ Երբ ջրերը կրկին տան տարածք են լցվել, Նունեն պարզապես զգուշացրել է ամուսնուն՝ դեպի թթենին չգնալ։ Հետո, երբ ջուրը րոպեների ընթացքում սկսել է բարձրանալ, հարեւանին է զանգել՝ հավերը բնից հանելու հորդորով։
Հաջորդ զանգը շինարարներին է եղել։ Ասել են՝ առավոտյան կգան։
«Արդեն ջուրը տուն էր լցվում, զանգեցինք ԱԻՆ, ամուսնուս ինչ-որ բան էին ասել, անջատել։ Հարցրի՝ ասավ չհասկացա, թե ինչ ասին։ Հետո ես զանգեցի, չպատասխանեցին։ Հետո արդեն իմ համարից զանգեցի, պատասխանեցին, թե՝ կոյուղաջուր ա, առավոտը կգանք։ Ասի՝ կույուղաջուր չի, գետի ջուրն ա։ Պատասխանեցին, որ ծանր տեխնիկա ա պետք, իրենք էլ չունեն, առավոտը կգան», — իրավիճակն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է 55-ամյա կինը։
Մինչ Նունեն ու նրա ամուսինը, արդեն խուճապահար այս ու այն կողմ են զանգելիս եղել, տուն լցված ջուրը զգալի բարձրացել է։ Այդ ընթացքում հարեւան Սանահին կայարանում ապրող աղջիկն է զանգել, պահանջել, որ ծնողները շուտ դուրս գան տնից․ նրանց թաղամասում էլ Դեբեդի չափից դուրս վարարելը տեսանելի է եղել։
«Ասի՝ չենք կարա դուրս գանք, էլ հնարավոր չէր։ Հետո աղջիկս Երեւան՝ ԱԻՆ էր զանգել, նոր էդ ժամանակ էկան էստեղի փրկարարները, բայց առանց ոչ մի բանի։ Արդեն փեսաս էր էկել, ախպերս, անձրեւ էր, ջուրը արդեն ծնկներից վերեւ էր, թաց, բոբիկ ոտներով, իրարից բռնվելով՝ դուրս ենք էկել։ Փրկարարներին ասինք, որ կողքի տանը մարդ կա, նրան հանեն։ Նոր գնացին, նրան էլ հանեցին»։
Դժվար, ծանր ժամերից հետո անգամ Նունեն չի պատկերացրել, թե ինչից են փրկվել։ Ինքը՝ նույն թաղամասում ապրող եղբոր, ամուսինն էլ Սանահին կայարան՝ աղջկա տուն են տեղափոխվել։ Մի քանի ժամ անց՝ արդեն գիշերը, Սանահինի շենքերից բնակիչները տարհանվել են։
Առավոտյան Նունեն սկսել է հաշվել կորուստները։
«Տունը դեկտեմբերին էինք նորոգել, ամեն ինչ կար՝ նոր սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց, խալիներ, վերմակներ, շուշեղեն, բայց քաղաքապետարանում գրանցում են մեբելն ու տեխնիկան։ Բայց չէ՞ որ տունն ամեն ինչով լիքն էր»։
Նաեւ ծառերն ու կենդանիներին են գույքագրել։ Բայց, կարեւորն, ասում է՝ տունն է․ ապրելու տեղ չունեն։ Ամեն օր Նունեն հագնում է ռետինե երկարաճիտ կոշիկներն ու եղբոր տնից իջնում մայրուղի՝ ստուգելու, թե ջրի մակարդակն ինչքան է իջել։ Հետո նեղ կածանը տուն է տանում, որը մինչեւ այսօր ջրի մեջ է։ Գոնե տիղմը հանել չեն կարող։ Իսկ այստեղ ապրելու մասին արդեն չեն մտածում։ Ենթադրում են նաեւ, որ թույլ չեն տա։
Դեբեդի մեջ տոննաներով հող եւ քար լցնելը չարգելելու, ավելին՝ գետի ափերը որպես ազատ տարածք շինարարական կազմակերպություններին տրամադրելու վերաբերյալ «Ալիք Մեդիա»-ն դեռ մայիսի 29-ին էր հարց ուղղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
«Ցավոք սրտի երկար տարիներ մենք բավարար աշխատանք չենք տարել գետերի ափերին կառուցվող շենքերի, շինություների, գետի հունի փոփոխությունների, մաքրման աշխատանքների իրականացման մասով։ Կարծում եմ՝ նաեւ էսպիսի աղետները մեզ պետք է զգոնացնեն, որ լրջագույն ուսումնասիրություններ անենք, թե, օրինակ, ինչ տեսակի ափապաշտպան աշխատանքները կամ հենապատերն են ավելի ճիշտ՝ հաշվի առնելով, որ թեկուզ 50-60 տարին մեկ կարող են լինել էսպիսի դեպքեր։ Էս աղետը մեզ համար նաեւ մի շարք իրավական, քաղաքաշինական նորմատիվային փոփոխությունների հետ կապված մտորելու հարցեր է առաջացնում»,- ասել էր նախարարը։
Իսկ Նունե Էլիբեկյանի՝ այս օրերի միակ մտածմունքը ապրելու տեղ գտնելն է, միակ հույսը՝ հեղեղված տան վկայականը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։