ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից եւ գործողություններից։
«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր եւ մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմերին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից եւ գործողություններից։ Կողմերը պետք է հետ քաշվեն մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը եւ ներգրավվեն սահմանի սահմանագծման եւ սահմանազատման շուրջ բանակցություններում։ Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին եւ անազատության մեջ պահվող անձանց։ Ողջունում ենք լարվածության թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները»,- ասված է ԵՄ գլխավոր խոսնակի հայտարարության մեջ։
Պիտեր Ստանոն հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական ներուժ տրամադրել եւ օգնել սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաեւ աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ հանուն Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության ու բարեկեցության հաստատման։