Գյումրեցի հիսուն ընտանիքի շուրջ չորս տասնամյակ փայփայած եւ արդեն անիրականանալի թվացող երազանքը կատարվեց: Մեկ օրում տարբեր թաղամասերի խարխուլ տնակներում գոյատեւող տնակաբնակները բնակարաններ ստացան Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում:
Երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի աջակցությամբ:
Տաք ու լուսավոր բնակարանները դատարկ չհանձնվեցին նոր բնակիչներին: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապաների ֆինանսավորմամբ:
Նոր շահագործման հանձնված շենքերը յոթհարկանի են, ունեն վերելակ, վերջին հարկերում էլ գործելու են արհեստանոց-արվեստանոցներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացրեց, որ շենքերը Կալիֆորնիա են կոչվում, քանի որ հիմնական ֆինասավորումը նույնանուն նահանգից է:
Արշամյանը հիշեցրեց. առաջին անգամը չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1988-ի երկրաշարժի հետեւանքով անտուն դարձած ընտանիքներին տանիք է նվիրում: Ավելի վաղ Գյումրիում կառուցել է 50 շենք՝ շուրջ 500 ընտանիքի համար: 2015 թվականից սկսած հիմնադրամը ոչ թե կառուցել, այլեւ բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող եւս 45 ընտանիքի:
2019-ին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակում 2022 թվականին շահագործման էր հանձնվել եւս 2 շենք՝ ընդհանուր 36 բնականարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով եւ 2 արվեստանոցներով։ Երկրորդ փուլով կառուցված նոր բնակարանները նախորդների հարեւանությամբ են:
«Ներողություն եմ խնդրում բոլոր տնակաբնակ գյումրեցիներից, ովքեր չեն ընդգրկվել շահառուների այս ցանկում,-ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը եւ վստահեցրեց, որ ընդգրկվածների կարիքավորության աստիճանն ավելի բարձր է եղել: Նա նաեւ հույս հայտնեց, որ գործընթացը կշարունակվի եւ անօթեւան այլ Գյումրեցիներ եւս բնակարանատեր կդառնան:
«Հայաստան» հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Մարիա Մեհրանյանը եւս լավ լուր հայտնեց. արդեն չորս շենքերով թաղամասը ընդլայնելու եւ զարգացնելու գործուն քայլեր են անում: Առաջիկայում ծրագրում են նոր շենքեր կառույցել:
Նշենք, որ հաշվառման վերջին տվյալներով Գյումրիում 2600 տնակ եւ 88 վթարային շենք կա: Հազարավոր մարդիկ այսօր Գյումրիում ապրում են կիսախարխուլ շինություններում:
Տնակաբնակներն առանձնացած են հասարակությունից, ապրում են իրենց խնդիրների մեջ սուզված՝ երազելով, որ մի օր էլ իրենք կապրեն ամուր տանիքի տակ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։