Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի բանակցային մանրասմաներին՝ հասցրեց իրար հակասող մի քանի հայտարարություն անել։
Նույն հայտարարությունները, մի փոքր այլ ձեւակերպմամբ, նա կրկնել էր նաեւ 2023 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության մասին ելույթում։
Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2016-ից հետո բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ լուծարումը, բայց 1998-2018 թվականներին իշխանությունը ժողովրդին խաբել է՝ ասելով, թե հնարավոր է ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։
Այնուհետեւ նա ասել է. «Իրենք, իմանալով որ դա անհնարին է, սենց լղոզել, ցրել են, մենք, կներեք արտահայտությանս, միամտաբար հավատացել ենք դրան, ասել ենք՝ ոնց։ Մենք հավատացել ենք։ Մենք ձեր բերած օրակարգին՝ 1998թ. հետո, հավատացել ենք։ Եվ դա է մեր սխալը։ Մենք կարդացել ենք։ Իմ ձախողումն էն ա, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, որ բոլորին պետք է ասեմ ճշմարտությունը, նաեւ գիտե՞ք՝ ինչի. հասկացել եմ՝ եթե խոսույթը դուրս բերեմ, հետագա հետեւանքները կապելու են դրան, ասելու են՝ փլուզեց հայկական խոսույթը, եւ դրա համար եղավ ամեն ինչը»։
Հակասական իրավիճակ է. նախ՝ Նիկոլ Փաշինյանը թեեւ ընթերցել է բանակցային փաստաթղթերը, թեեւ ծանոթացել իրողություններին, բայց իր խոսքերով՝ «շարունակել է հավատալ» նախկին իշխանությունների խոսույթին։
Մյուս կողմից, սակայն, հայտարարում է, թե ինքն իրեն չի կարողացել համոզել, որ ասի ճշմարտությունը։ Այսինքն՝ իմացել է ճշմարտությունը, բայց չի կարողացել համոզել, որ խոսի այդ ամենի մասին, անգամ՝ խորհրդարանում, անգամ՝ փակ նիստում։
Հիմա՝ ի՞նչ է ստացվում. Փաշինյանը չի՞ հավատացել իրավիճակին, իր աչքով ընթերցածին, թե՞ այնուամենայնիվ, իմանալով ճշմարտությոնը, թաքցրել է։
Այստեղ է ողջ հակասությունը։ Բայց ցավալի իրողություններն այսքանով չեն սահմանափակվում . քաջատեղյակ լինելով իրողություններին, նա գնացել է ԼՂ բանակցություններում դիրքորոշումը կոշտացնելու ճանապարհով, ավելի սրելով խոսույթը՝ «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտությունը շատերն են հիշում, Սեւրի պայմանագրի 100-ամյակին նվիրված արկածախնդրությունը նւյնպես։
Ընդ որում, երբ նա հետեւողականորեն տորպեդահարում էր բանակցային պրոցեսը՝ կոշտացնելով հայկական կողմի դիրքորոշումը, 2019-ի մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ ուղիղ տեքստով կոչ անելով կողմերին՝ «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»։
Բայց Փաշինյանը շարունակեց իր գործելակերպը՝ փակելով բանակցային ճանապարհը։Եվ այդպես երկիրը հասցրեց պատերազմի, տալով հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, խեղելով բազմահազար ընտանիքների ճակատագրեր։
Սա խոստովանությունների մի շարան է, որին պետք է հետեւեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ընդհակառակը, շարունակում է պաշտոնավարել, ու դեռ ուրիշների վրա հոխորտալ կամ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ուրիշների վրա բարդել։
Մի հետաքրքիր փաստ էլ. պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իմանալով ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին չի բարձրաձայնել, որովհետեւ «եթե խոսույթը դուրս բերեմ, հետագա հետեւանքները կապելու են դրան, ասելու են՝ փլուզեց հայկական խոսույթը, եւ դրա համար եղավ ամեն ինչը»։
Եթե հիշում եք՝ նա պատերազմից հետո հայտարարեց, որ եթե մինչ այդ խոսեր իրողությունների մասին, եւ առաջարկեր գնալ փոխզիջումների, իրեն կմեղադրեն դավաճանության մեջ։ Հիմա պարզվում է, ոչ թե դավաճան կասեին, այլ ուղղակի կմեղադրեին հայկական խոսույթը փլուզելու մեջ։
Իսկ արժե՞ բացատրել, որ քաղաքականության մեջ ոչ թե հավատում կամ չեն հավատում, այլ՝ որոշումները են կայացնում՝ ելնելով փաստերից, ելնելով իրողություններից։ Սա քաղաքականության այբուբենն է, որին պետք է տիրապետի այդ ոլորտում հայտ ներկայացրած ցանկացած մեկը։
Միակ բանը, որ Փաշինյանը ճիշտ է ասում՝ «պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա»։ Երեկ էլ նույն միտքն էր ասում, թե « մեկ է պետական գործիչը պետք է տեսներ դա, հաղթահարեր դա, եւ աներ դա»։
Իսկապես ինքը պետական գործիչ չէ, ինչպես որ պետական գործիչ չեն 1998-ից այսկողմ իշխանության ղեկին եղած անձիք։ 1998 թվականի ներպալատական հեղաշրջումից հետո մինչեւ հիմա էլ ԼՂ հարցը, անգամ երբ այն այսօր գոյություն չունի, իշխանության ղեկին գտնված անձիք օգտագործում են ընդամենը իշխանության մնալու համար՝ այդ ճանապարհին նենգափոխելով ու խեղաթյուրելով ամեն ինչ։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: