Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը իր հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է, որ Պեկինը Ռուսաստանին զենք չի տրամադրի Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Այս մասին Զելենսկին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «РБК-Украина»-ն։
Լրատվականը պարզաբանում է, որ խոսքը 2023 թվականի ապրիլին Սի Ցզինպինի հետ Զելենսկու զրույցի մասին է։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ։ Այդ ժամանակ նա ասաց, որ Ռուսաստանին զենք չի տա։ Եթե նա մարդ է, ում կարելի է հարգել, նա դա չի անի, քանի որ նա ինձ խոսք է տվել»,-մեջբերում է լրատվականը Ուկրաինայի նախագահի խոսքերը։
Մայիսի վերջին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը հայտարարել էր, որ բրիտանական եւ ամերիկյան հետախուզություններն անհերքելի ապացույցներ ունեն Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին, որի շրջանակներում տրմադրված միջոցները կիրառվել կամ դեռ կիրառվելու են Ուկրաինայում։
Մեկնաբանելով բրիտանացի նախարարի հայտարարությունը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Վաշինգտոնը չի արձանագրել Չինաստանից Ռուսաստանին զենքի մատակարարումներ ոչ 2022 թվականին, ոչ էլ 2023 թվականին։
Պեկինը հերքել է զենքի վաճառքի մասին իր հասցեին հնչած մեղադրանքները։ «Չինաստանը զենք արտադրող երկիր կամ ուկրաինական հակամարտութմանը մասնակցող կողմ չէ։ Մենք կառուցողական դեր ենք խաղում քաղաքական կարգավորմանը նպաստելու գործում։ Չինաստանը զենք չի մատակարարում կողմերին»,- հայտարարել էր Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենգյուն։