ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Թուրքիան չեն ճանաչել Սիրիայի նախագահական ընտրություններում Բաշար Ասադի հաղթանակը՝ ընտրությունների արդյունքները ֆարս անվանելով եւ կոչ անելով ավարտել սահմանադրական բարեփոխումները։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան նախապես հրաժարվել են ընտրությունների օրինակարգությունը ճանաչելուց՝ նախօրեին համատեղ հայտարարություն հրապարակելով եւ հորդորելով թույլ չտալ, որ Ասադը պահպանի իշխանությունը։
Ռուսաստանը ճանաչել է ընտրության արդյունքները՝ հայտարարելով, որ քվեարկությունը համապատասխանում է գործող սահմանադրությանը եւ օրենսդրությանը, չի հակասում նաեւ միջազգային չափանիշներին։
Սակայն Սիրիայում եւ արտասահմանում Ասադի հակառակորդները պնդում են, որ քանի դեռ նոր սահմանադրություն չի ընդունվել, ընտրությունն անիմաստ է։ Սահմանադրության վրա իշխանությունն ու ընդդիմությունն աշխատում են արդեն վեց տարի, բայց ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս։
Փորձագետների կարծիքով Արեւմուտքի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելը չի նշանակում, որ նա Ասադի հետ գործ չի ունենալու։
«Եվրամիության անվտանգությունն ուղղակիորեն կախված է Սիրիայում տիրող իրավիճակից։ Եթե այդ երկրում իրավիճակը սրվի, ապա Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը կհեղեղվեն փախստականներով։ Առայժմ միայն Ասադին է հաջողվում երկիրը տանել դեպի բարելավում, եւ Բրյուսելը ստիպված է հաշվի նստել դրա հետ»,- հայտարարել է Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ռուսլան Մամեդովը։
Սիրիան Մերձավոր Արեւելքի եզակի երկրներից է, որտեղ քաղաքների փողոցները զարդարում են նախկին եւ գործող նախագահների դիմանկարները։ Պատճառներից մեկն այն է, որ նրանք ազգակցական կապեր ունեն։ Բաշար Ասադի նախորդը նրա հայր Հաֆեզն էր, որը իշխել է երեսուն տարի։ Բաշարն առայժմ իշխանության ղեկին է քսան տարի, բայց հերթական հաղթանակը նրան մոտեցրել է հոր «նվաճմանը»։
Սիրիայի նախագահական ընտրություններում Բաշար Ասադը հաղթել է՝ ստանալով ձայների 95,1 %-ը: Ասադի օգտին քվեարկել է 13,5 միլիոն սիրիացի։ Ընտրելու իրավունք ունեցող 18 միլիոն 107 հազար 109 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 14 միլիոն 239 140-ը։
Սիրիացի փախստականներին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին Եվրոպայում, նաեւ Թուրքիայում, որտեղ Սիրիայի Արաբական Հանրապետության ավելի քան 6,5 միլիոն քաղաքացի կա։
Ասադը, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2000 թվականից, ընտրվել է հերթական յոթամյա ժամկետով։ Նախորդ՝ 2014-ի ընտրություններում նա ստացել էր ձայների 88 %-ը։