Արտաշես արքայի սահմանաքարը, երկու հազար տարեկան սրինգը, աճյունասափորները, տարատեսակ զարդերն ու արձանիկները Շիրակի մարզի Բենիամինի հնավայրում են պեղել: Գտածոները պատմում են, թե ինչ քաղաքակրթություն ու կենցաղավարություն են ունեցել Շիրակում ապրողները բազում դարեր առաջ:
Եզակի ցուցանմուշները ցուցադրված էին Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
Հնավայրը մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի է, հայտնաբերվել է 1989 թվականին: Նույն թվականին էլ հայ եւ ֆրանսիացի հնագետների արշավախումը պեղումներր է սկսել տարածքում:
Երկու տասնամյակի երկար աշխատանքը տվել է բացառիկ արդյունք: Հնագույն գտածոները ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար են եզակի բացահայտումներ: Հնագետներն այսօր արդեն վստահ փաստում են՝ այն, ինչ գտել են անտիկ դամբարանադաշտերում կարող է տեղ գտնել աշխարհի ցանկացած հնագիտական թանգարանում:
Հնագետներն այս դամբարանադաշտն անվանում են Դրասխանակերտ: Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, հնագետ Լեւոն Աղեկյանը փաստում է, որ տարածքում եղել է արքայապատկան դաստակերտ՝ Երվանդունյան ժամանակաշրջանից: Պալատական երկու շենքերից գտնված նմուշներն էլ վկայում են, որ տարածքը եղել է Շիրակի վարչական կենտրոնը: Հնագետն ասում է՝ Հայաստանում թեեւ մթա 5-րդ դարի դամբարանադաշտեր եւ հնավայրեր շատ ունենք, բայց Բենիամինը յուրահատուկ շերտեր է բացահայտում:
Եզակի ցուցանմուշները, սակայն, Գյումրիում Երկրագիտական թանգարանում՝ պատշաճ տարածք եւ ցուցասրահ չունենալու պատճառով, չեն ցուցադրվում. մնում են պահոցներում: Երկար տարիներ խնդիրը լուծում չի ստանում: Որպեսզի 20 տարվա պեղումների արդյուքներն ի ցույց դրվեն, համագործակցության ձեռք է մեկնել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը: Երկշաբաթյա ցուցադրությունը հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար՝ անվճար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի մշակութային գծով խորհրդական Գիոմ Նարժոլեն զարմանքով է փաստում. ինչպե՞ս կարելի է այսքան որակով գտածոները պահել նույնչափ անորակ պահոցներում: Ֆրանսիայի ներկայացուցիչը, սակայն, քննադատելու նպատակ չունի: Առաջարկում է, որ երկրագիտական թանգարան ստեղծելու նախագիծ ներկայացվի բարեկամ Ֆրանսիային: Ասում է՝ հաստատ կաջակցեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։