Ազգային ժողովը հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կհրավիրի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության կողմից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով հանդես են եկել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը` չորս արտախորհրդարանական ուժերի անունից (Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններ):
ՀՀ ԱԺ կայքէջում նշվում է, որ հունիսի 17-ին գումարված արտահերթ նիստին ներկա են եղել նաեւ առաջարկի հեղինակները, որոնք խոսել են նախաձեռնության վերաբերյալ իրենց ակնկալիքների ու հանրաքվեի անցկացման կարեւորության մասին:
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով էլ հանրաքվեն Հայաստանի դիմակայունության եւ դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում: