Հայաստանը ձեռք կբերի ֆրանսիական Caesar 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից։ Այս մասին X-ի էջում կատարած գրառման մեջ հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ գործարքն անվանելով կարեւոր իրադարձություն։
«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ջերմ եւ արդյունավետ երկխոսություն է ունեցա Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Eurosatory շրջանակներում»,-գրել է Լըկորնյուն։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիա ժամանած ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել էր գործընկերոջ հետ եւ քննարկել ռազմատեխնիկական համագործակցությունը եւ ձեռք բերել նոր պայմանավորվածություններ։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նաեւ հայտնեց, որ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության եւ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջեւ կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Նշենք, որ Caesar հաուբիցները Փարիզը մատակարարել է Ուկրաինային ՝ Ռուսաստանի ներխուժմանը դիմակայելու համար ցուցաբերվող ռազմատեխնիկական աջակցության շրջանակներում։
2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը Կառավարությանը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին հաուբիցների հնարավոր մատակարարման ուսումնասիրության հարցը: