Ըստ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկել:
ԱՄՆ օրենսդիրները բազմիցս հորդորել են կառավարությանը Հայաստանին եւ Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը ՀՀ-ում եւ Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են Բաքվի իրականացրած էթնիկ զտումների հետեւանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր:
Բյուջեի առանձին հոդվածով էլ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար նախատեսվում է 6 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին: