Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը հետ կանչելու հավանականության մասին հարցը մեկնաբանելիս հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը «դաս է քաղել այդ հանցավոր արկածախնդրությունից»։
Ռուսական Комсомольская правда-ի լրագրողի հարցին, թե արդյո՞ք կարող է իրականություն դառնալ «Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի վերադարձը երկրին (Վրաստանին)», ինչպես վերջերս հայտարարել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ռուս դիվանագետը հայտարարել է, որ ինքնահռչակ հանրապետությունները իրենց «ինքնիշխան ընտրություն կատարել են դեռեւս 2008 թվականին», երբ Սաակաշվիլիի կառավարությունը «փորձեց մեկին ուժով վերադարձնել Վրաստանին, իսկ մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով»:
«Ինչպես հասկանում ենք, վրացական իշխանությունները դասեր են քաղել այս հանցավոր արկածախնդրությունից եւ նպատակ են դնում խաղաղ ճանապարհով «վերադարձնել» Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Խոսքն առաջին հերթին վրացական «վերաինտեգրման» ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին է, որոնցից գլխավորը «Քայլ դեպի լավ ապագան» է։ Աբխազներն ու Հարավային Օսիան բազմիցս արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը իրենց ինքնիշխան կարգավիճակը «վերացնելու» եւ Վրաստանի իրավասության տակ դնելու փորձերին՝ նշելով, որ միակ «քայլը դեպի լավ ապագա» կլինի այս երկրների անկախության ճանաչումը»,-ասել է Գալուզինը։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հաջորդիվ նշել է, որ Թբիլիսի-Սոխում-Ցխինվալի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե վրացական կողմը հաշվի առնի «առկա իրողությունները» եւ պատրաստ լինի «հանրապետությունների հետ հարաբերություններ կառուցել հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»:
Մայիսի վերջին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, որ Վրաստանը հույս ունի մինչեւ 2030 թվականը դառնալ Եվրամիության լիիրավ անդամ «աբխազ եւ օս քույրերի ու եղբայրների հետ միասին», հայտարարել էր, որ դա «ֆանտազիա է ապագայի թեմայով»: