2024-2025 ուսումնական տարում Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում նոր մասնագիտություն սովորելու հնարավորություն կլինի։ Տարածաշրջանում արեւային վահանակներ տեղադրող եւ սպասարկող մասնագետների մեծ պահանջարկ կա։ Այդ բացն ուսումնարանն է լրացնելու՝ երեք տարին մեկ մասնագետներ պատրաստելով։
Իսկ տեղի աշխատաշուկայում նոր մասնագիտության պահանջարկն աճել է մի ծրագրի արդյունքում, որն Ալավերդիում համայնքապետարանի հետ համատեղ իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։
«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի նպատակն է բարձրացնել Ալավերդի համայնքի տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական կայունությունը, նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, զարգացնել կայուն էներգիայի համակարգեր, նվազեցնել աղքատությունը։
Մի քանի մասից բաղկացած այս ծրագրի կրթական բաղադրիչով է ուսումնարանում ներդրվել «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, սպասարկում, մոնտաժում» մասնագիտությունը։
Մինչ այդ Ալավերդիում ՄԱԶԾ-ի կողմից մի շարք ուսումնասիրություններ են արվել՝ բազմաշերտ աղքատության գնահատում եւ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Լոռու մարզում գործող ընկերությունների հետ շուկայի վերլուծություն։
«Բոլոր կարեւոր դերակատարների հետ հարցումներ են արվել, որի հիման վրա մշակվել է ծրագրի հիմնական փաստաթուղթը։ Այսինքն պատահական չի որոշվել, որ ուսումնարանում պետք է լինի այս մասնագիտությունը։ Ե՛վ ընկերությունները, ե՛ւ համայնքի բնակիչներն (անհատներ, բիզնեսներ) ասել են, որ կան տեղադրողներ, բայց սպասարկումը թերի է, քանի որ մարդկային ռեսուրս չկա։ Համապատասխան կրթություն ունեցող մարդիկ այս ոլորտում քիչ կան, դրա համար է ծրագրի բաղադրիչների մեջ մտել կրթականը»,- ասում է Ալավերդիում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Արեգնազան Մարտիրոսյանը։
Արհեստագործական ուսումնարանի մասնագետներին վերապատրաստելուց բացի ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ-ն կրթօջախում հիմնել է լաբորատորիա (ուսումնական վահանակներ, մոնտաժման եւ կարգավորման սարքավորումներ)՝ գործնական աշխատանքներ կազմակերպելու նպատակով։
Արդեն հետագայում՝ համայնքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի ավարտից հետո, ուսումնարանին՝ թե՛ ուսումնական գործընթացի եւ թե՛ մասնագիտացած անձանց աշխատանքով ապահովելու գործում կաջակցի արեւային էներգետիկայի օբյեկտների նախագծման եւ շինարարության ոլորտում մասնագիտացած հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկը, որի հետ ուսումնարանը վերջերս համագործակցության հուշագիր է ստորագրել։
«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի մյուս բաղադրիչով Ալավերդի համայնքի Մղարթ բնակավայրում 500 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայան է կառուցվելու, որի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված գումարը (տարեկան մոտ 20 մլն) ուղղվելու է էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսավորմանը։
«Այս բաղադրիչը կարեւոր է նրանով, որ համայնքի համար կայուն եկամուտ է ապահովելու»,- նշում է ծրագրի ներկայացուցիչը։
Ծրագիրը հիմա կառավարությունում է։ Ալավերդու համայնքապետարանում սպասում են դրա հաստատմանը։
«Ծրագրի արժեքը մոտ 210 մլն դրամ է, որից 26 % համաֆինանսավորողը ՄԱԿ-ն ու Շվեդական կազմակերպությունն են, շուրջ 14 % տալու է Ալավերդու համայնքապետարանը, մնացած մասը՝ պետությունը։ Շվեդական գործակալության ծրագիրն այս տարի ավարտվում է, ՄԱԿ-ը դեռ մնալու է։ Այսինքն, ծրագրի ավարտից հետո իրենք թողնում են ֆոնդ մի կառույցի տեսքով, որը պարբերաբար գումար կգեներացնի եւ դոնոր կառույց կդառնա համայնքում էներգաարդյունավետության ծրագրերի համաֆինանսավորման համար»,- մանրամասնում է Ալավերդու համայնքապետարանի զարգացման ծրագրերի եւ տուրիզմի բաժնի պետ Կարինե Սիմոնյանը։
Ալավերդին տնտեսապես եւ սոցիալապես զարգացնելուն միտված այս ծրագրի հաջորդ բաղադրիչով համայնքի գյուղական բնակավայրերի մոտ 50 տնտեսությունների այս տարի արեւային վահանակներ են տրամադրվելու։ Մինչ այդ, սակայն, գնահատում է արվելու՝ պարզելու համար ընտանիքների կարիքներն ու համապատասխանությունը ծրագրի չափանիշներին։ Արեւային վահանակները տեղադրելու գործում նույնպես ծրագիրն աջակցելու է։
Եվս մեկ բաղադրիչ, որն իրականացվել է «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրով։ 2022-2023 թվականներին կառավարության սուբվենցիոն ծրագրի, համայնքի բյուջեի եւ ՄԱԶԾ ծրագրի համաֆինանսավորմամբ 28 բնակավայր միավորող Ալավերդի համայնքում 36 բազմաբնակարան շենք է ջերմամեկուսացվել, որից 34-ը՝ մասնակի, երկուսը՝ ամբողջական։ Ընդհանուր առմամբ՝ 1117 բնակարան։
2023-ին էլ մեկնարկել է Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի երկու մասնաշենքերի ամբողջական էներգաարդյունավետ վերակառուցումն ու վերանորոգումը։ Մանկապարտեզում նույնպես օգտագործելու են արեւի էներգիան։
Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող ծրագիրը համակարգում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախատեսվում է Ալավերդու էներգաարդյունավետ եւ ցածր արտանետումներով զարգացման մոդելը որպես օրինակելի փորձ կիրառել նաեւ այլ համայնքներում։
Իսկ ծրագրի իրականացման համար Ալավերդին ընտրվել է մի քանի պատճառով։ Քաղաքը մոտ 10 տարի առաջ միացել է հանուն կլիմայի եւ էներգիայի տեղական գործողությունների աշխարհի խոշորագույն շարժումներից մեկին՝ Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» նախաձենությանը՝ հանձն առնելով իրականացնել ԵՄ կլիմայի եւ էներգիայի նպատակները։
Պղնձաձուլական գործարանի փակվելուց հետո արդյունաբերական քաղաքը զբոսաշրջային գոտի դառնալու նախադրյալներ ունի։ Ալավերդիում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Արեգնազան Մարտիրոսյանի խոսքով՝ սա նույնպես կարեւոր նախապայման է եղել ծրագրի համար, որ այլ քաղաքներում էլ հետեւեն Ալավերդու օրինակին։
Համայնքի ընտրության եւս մեկ նախապայման էլ մարդկանց կենսամակարդակն է։ 42,545 բնակչությամբ Ալավերդին աղքատության բարձր մակարդակ ունի։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։