Հայաստանն արեւային էներգիայի մեծ ներուժ ունի։ Վերջին տասնամյակում Հայաստանում տարեցտարի զարգանում է արեւային էներգետիկան։ Արեւային կայանների կիրառումը տնտեսապես շահավետ է, բացի այդ՝ դրա միջոցով կարելի է էներգախնայողություն անել։
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու նպատակով կարող են տեղադրել մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը:
150 կՎտ-ից բարձր հզորություն ունեցող կայանները նախքան ազատականացված շուկա մտնելը պետք է դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի համապատասխան արտոնագիր ստանան։ Իսկ եթե կայանի հզորությունը մինչեւ 150 կՎտ է, արտադրողը մուտք է գործում ազատականացված շուկա առանց լիցենզավորման։ Լիցենզիա ստացած ընկերությունների ցանկն առկա է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։
2024-ի փետրվարի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված է 17689 ինքնավար արտադրող արեւային կայան՝ 274658,430 կՎտ հզորությամբ, կառուցման ընթացքում են 216-ը՝ 7449,4 կՎտ ընդհանուր հզորությամբ:
Արեւային կայանները 2023 թվականին արտադրել են 252 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Արեւային կայանների ընդհանուր հզորությունն արդեն 473 մՎտ-ի է հասնում։
Իսկ 2022 թվականին մեր երկրում արտադրված 8,9 մլրդ կՎտժ էլենտրաէներգիայից 241,3 միլիոնը արեւային էլեկտրակայաններից էր ստացվել։
Արեւային էներգետիկայի ոլորտում երկար տարիներ աշխատած Արարատ Չոբանյանը 2012 թվականին հիմնադրել է արեւային էլեկտրակայանների նախագծում, կառուցում, տեղադրում, սպասարկում իրականացնող «Արփի Սոլար» ընկերությունը եւ մինչեւ 2018 թվականը եղել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
2018 թվականին հիմնադրել եւ մինչեւ այժմ ղեկավարում է «Ֆրիներջի» ընկերությունը։ Չոբանյանն ասում է՝ տարիների ընթացքում Արեւային կայանների պահանջարկը մեծանում է, գնալով ավելանում է արեւային կայաններ տեղադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թիվը։ Պետության սուբսիդավորմամբ բազմաթիվ պետական հաստատությունների ու սահմանամերձ բնակավայրերում գտնվող տների վրա արեւային կայաններ են տեղադրվել։ Սուբսիդավորման շնորհիվ հաճախորդների թիվը մեծանում է։
«Մենք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում։ Ժամանակին նաեւ Արցախում մասնաճյուղ ունեինք։ Պետական կառույցների վրա արեւային կայաններ տեղադրելուց առաջ մասնակցում ենք մրցույթների։ Սովորաբար պատվիրատուն պետությունն է կամ տարբեր հիմնադրամներ։
«Ֆրիներջի»-ն 2019-2023 թվականների ընթացքում Տավուշի մարզի տարբեր համայնքներում (Լուսաձոր, Ակնաղբյուր, Դիտավան, Խաշթառակ, Ոսկեպար, Բերքաբեր, Նոյեմբերյան քաղաք, Պառավաքար, Այգեպար, Այգեձոր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն…) 15-ից ավելի դպրոցների, նույնքան էլ մանկապարտեզների վրա արեւային համակարգեր է տեղադրել։
Սյունիքի մարզում 8 կրթական հաստատության վրա են կայաններ տեղադրել, Կոտայքում էլ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով՝ մոտ 25 դպրոցի վրա։
Արեւային համակարգերի ամենատարածված ու պահանջված ճյուղերը երկուսն են՝ արեւային ջերմային համակարգերը, որոնք ապահովում են տաք ջրով եւ արեւային ֆոտովոլտային համակարգերը, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում։
«Էլեկտրաէներգիա արտադրող անհատներն ու ընկերություններն ամառվա ընթացքում արտադրված ավելցուկ էներգիան փոխանցում են ՀԷՑ-ին, իսկ հետո՝ մինչեւ մայիսի մեկը նույն չափով հետ են վերցնում։ Այսինքն՝ տարբեր հաստատություններ եւ անհատներ կարողանում են ձմռան ամիսներին ՀԷՑ-ից հետ վերցրած էլենտրաէներգիան օգտագործել ջեռուցման համար»,- մանրամասնում է Արարատ Չոբանյանը։
Կրթական հաստատություններում ջեռուցումը տարբեր եղանակներով է իրականացվում. կան դպրոցներ, որոնք չունեն ջեռուցման ներքին ցանց, ուստի ժամանակավորապես անհատական տաքացման համակարգեր են կիրառում, մինչեւ կունենան ընդհանուր համակարգ։
Կան դպրոցներ, որոնք տաքացվում են գազով, բայց արեւային կայանների տեղադրումից հետո նաեւ էլեկտրաէներգիայի ավելցուկն են կիրառում ջեռուցման մեջ։ Դպրոցներ էլ կան, որոնք նախկինում տաք ջուր չունեին, բայց արեւային համակարգերի տեղադրումից հետո երեխաներն արդեն կարող են նաեւ տաք ջրով լվացվել։
«Արեւային կայանների տեղադրման հիմնական նպատակը էլենտրաէներգիայի տարեկան ծախսը զրոյացնելն է։ Նոր կառուցվող դպրոցների նախագծման փուլում նախատեսվում է արեւային ջրատաքացուցիչների եւ ֆոտովոլտային համակարգերի տեղադրումը։ Մենք չորս այսպիսի ծրագիր ենք իրականացրել. պատվիրատուն եղել է դպրոցը կառուցող շինարարական ընկերությունը։ Տեղադրված արեւային կայաններիի միջոցով հնարավոր է հոսանքի ընթացիկ օգտագործումից բացի՝ նաեւ շենքը ջեռուցել»,- մանրամասնում է Արարատ Չոբանյանը։
Որպեսզի կառույցն արեւային համակարգի արտադրած էլենտրաէներգիայով ջեռուցվի, հարկավոր է ճիշտ հաշվարկներ անել, տեղադրել համապատասխան կՎտ-անոց վահանակներ։ Շենքը պիտի ջերմամեկուսացված լինի։ Բոլոր մանրամասներն ուսումնասիրելով՝ մասնագետները համապատասխան հաշվարկներ են անում ու խորհրդատվություն տրամադրում։ Այսուհանդերձ, արեւային կայանների տեղադրում իրականացնող ընկերությունների կայք-էջերում կան ավտոմատ հաշվիչներ. կարելի է լրացնել տվյալ հաստատության մասին որոշ մանրամասներ (գտնվելու վայրը, մակերերեսը, ծախսվող էլելտրաէներգիայի չափը եւ այլն) ու հասկանալ, թե ինչ վահանակներ կարելի է տեղադրել եւ թե որքան կարժենան դրանք։
2021-ից իր գործունեությունը սկսած «Վոլտա» ընկերության տնօրեն Նորայր Դումոյանը պատմում է՝ մեր երկրում արեւային կայաններ տեղադրող ընկերությունները համակարգերի բաղադիչները ներկրում են Չինաստանից, Ռուսաստանից, Չեխիայից (բաղաղրիչների մեծ մասը Չինաստանից են ներկրվում)։
«Վոլտա»-ն հիմնականում բնակելի տների եւ բիզնես ընկերությունների տանիքների վրա է արեւային կայաններ տեղադրում։
««Վոլտա»-ն 2018-ին Վարդենիսում հիմնադրված «Վոլտա» ընկերության իրավահաջորդն է։ Այնպես որ, մենք այս ոլորտում աշխատում ենք դեռ 2018-ից։ Երբ արեւային էներգետիկան մեր երկրում նոր-նոր էր թափ հավաքում, ամենաշատը Գեղարքունիքում եւ Վայոց ձորում էին վահանակներ տեղադրվում։ Գեղարքունիքում բիզնես ընկերությունների շենքերի տանիքների մեծ մասի վրա արեւային կայաններ կան։ Հիմա արդեն շենքեր կառուցելիս մարդիկ մտածում են նաեւ այդ մասին, արեւային կայաններ են տեղադրում»,- պատմում է Նորայր Դումոյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։