Սպառազինությունների ձեռք բերման հարցում Հայաստանի ձեռնարկած քայլերը ոչ լեգիտիմ են եւ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Հայաստանը իր համար ստեղծում է խաղաղարար երկրի կերպար, որը «քաղաքական մանիպուլացիա է», քանի որ Հայաստանն է, իր խոսքերով «30 տարի կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, խախտել Ալմա-Աթայի հռչակագիրը, որի մասին այսօր բազմիցս հիշատակվում է, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ»։
«Անհեթեթ է, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը 30 տարի անց ադրբեջանական զինուժի գրաված դիրքերը առանց սահմանազատման ներկայացնում է որպես հայկական գյուղերի տարածք եւ Ադրբեջանին մեղադրում օկուպացիայի մեջ»,-հայտարարել է Հաջիզադեն։
Նրա խոսքերով Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարումները «ծառայում են Հայաստանը լարվածության եւ սպառնալիքների նոր օջախի վերածելուն»։
«Նկատի ունենալով, որ այս քաղաքականությունը նպաստում է Հայաստանի կողմից հերթական հնարավոր ագրեսիային, կարեւոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։