Սաուդյան Արաբիայում ավելի քան 550 մարդ է մահացել Հաջի՝ դեպի սուրբ Մեքքա քաղաք մուսուլմանական ավանդական ուխտագնացության ժամանակ։
Որպես մահվան դեպքերի մեծ մասի պատճառ նշվում է 50 աստիճանից բարձր շոգը: Սուրբ վայրերում եւ դրանց մոտենալու համար երկար հերթերի մեջ սպասելու ժամանակ ուխտագնացները ստվերում պատսպարվելու տեղ չունեն։
Մահացածներից ավելի քան 300-ը եգիպտացիներ են։ Շոգից տուժածների թվում կան նաեւ Թունիսի, Հորդանանի, Իրանի, Սենեգալի, Ինդոնեզիայի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Մոտ 2700 ուխտավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը ուխտավորներին խորհուրդ է տվել պատսպարվել արեւից, շատ ջուր խմել եւ, հնարավորության դեպքում, ամենաշոգ ժամերին մնալ կացարաններում: Սակայն, Հաջի շատ ծեսեր, ինչպիսիք են Մեքքայում Քաաբայի սուրբ քարի շուրջը շրջելը եւ Արաֆաթ լեռան պարտադիր բարձրացումը, մուսուլմաններից պահանջում են օրն անցկացնել կիզիչ արեւի տակ:
Ընթացիկ տարում ավելի քան 1,8 միլիոն հավատացյալներ են Հաջ կատարում դեպի Մեքքա: Նախորդ տարի, երբ Հաջը կրկին համընկել էր հունիս ամսվա հետ, շոգից եւ ջրազրկումից առնվազն 240 մարդու մահվան դեպք էր գրանցվել:
Տարածաշրջանում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ամառային աննորմալ բարձր ջերմաստիճանը, նույնիսկ Սաուդյան Արաբիայի համար, կապված է կլիմայի գլոբալ փոփոխության հետ: Մասնագետների կարծիքով՝ Մեքքայի տարածքում միջին ջերմաստիճանը յուրաքանչյուր տասնամյակ ստաբիկ աճում է 0,4 աստիճանով։