Հայաստանում կա էլեկտրաէներգիա արտադրող 371 մեծ ու փոքր ընկերություն։ 2023-ին դրանք արտադրել են շուրջ 8,8 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Դա ապահովել է ներքին պահանջարկը, 2,4 միլիարդ կՎտժ էլ արտահանվել է Վրաստան եւ Իրան։
Մինչեւ վերջին տարիներն ունեինք էլեկտրաէներգիա արտադրող երեք տիպի ընկերություններ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանը», ջերմաէլեկտրակայաններն ու հիդրոէլեկտրակայանները։ Վերջին տարիներին այս երեքին ավելացել է եւս մեկ ճյուղ՝ արեւային էլեկտրակայանների համակարգը։
Այնուամենայնիվ մեր երկրի էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աբյուրները դեռեւս մնում են առաջին երեքը։ Եվ տարիներ շարունակ այդ երեքով ոչ միայն ապահովել են մեր էլեկտրաէներգիայի պահանջը, այլեւ համակարգում այնպիսի բաշխվածություն, տեսակարար կշիռ են ունեցել, որ մեկի աշխատանքի ժամանակավոր դադարի դեպքում մյուս երկուսը կարողացել են բավարար քանակի հոսանք մատակարարել։ Իհարկե, խոսքը չի վերաբերում այսպես ասած՝ մութ ու ցուրտ տարիներին, որովհետեւ այն ժամանակ խնդիրն այլ է եղել։
Այդպիսով, ՀԱԷԿ-ը 2023 թվականին արտադրել է 2,7 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա, որը կազմել է ամբողջի 32 տոկոսը։ Չորս ՋԷԿ-երը՝ «Հրազ ՋԷԿ»-ը, «Գազպրոմ Արմենիայի» շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանը, «Երևանի ՋԷԿ»-ը և «ԱրմՓաուերը» արտադրել են 3,7 մլրդ կՎտժ կամ 43,8 տոկոսը։
Այսինքն ատոմակայանին ու ՋԷԿ-երին է պատկանում մեր էլեկտրաէներգիայի արտադրության 76 տոկոսը։ Միայն սա բավարար է ասելու, որ էներգետիկ անվտանգության կամ էներգետիկ պահանջների բավարարման առումով Հայաստանն ինքնաբավ երկիր չէ, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության հումքը՝ միջուկային վառելիքը եւ գազը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից։
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններում (մինչև 30 ՄՎտ) արտադրված էլեկտրական էներգիայի քանակը եղել է 1 մլրդ կՎտԺ՝ կազմելով 12.9 տոկոս։ Սա ներառում է փոքր ՀԷԿ-երի եւ արեւային կայանների արտադրած հոսանքը։
ՀԷԿ-եր
Հայաստանում ՀԷԿ-երը բաժանվում են երկու խմբի՝ երկու խոշոր կասկադները և փոքր ՀԷԿ-երը։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունները խոշորներն են, 2023 թվականին արտադրել են շուրջ 942 մլն կՎտժ հոսանք։
Առաջինը Հրազդան գետի երկայնքով ձգվող Սեւան-Հրազդան կասկադն է, որն ունի յոթ՝ Սեւանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երեւան-1 և Երեւան-3 ՀԷԿ-երԸ։
Անցած տարի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ Սեւան-Հրազդան կասկադի մասնաբաժինը կազմել է 398,7 մլն կՎտժ կամ 4,7 տոկոս: Արժե հիշեցնել, որ 2003 -ին ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով Սեւան-Հրազդան Կասկադը 25 մլն դոլարի դիմաց տրվեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը, որը պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը։ 2011-ին այն գնեց «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ն, իսկ 2019-ին՝ «Տաշիր» ընկերությունը: Այսինքն մեր խոշոր ՀԷԿ-երից մեկը մի փոքր դեգերումներից հետո մնաց ռուսական սեփականության տիրույթում։ «Տաշիր» ընկերությունը ռուսական է, թեեւ դրա սեփականատերը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։ Այդ կասկադի արտադրած էներգիայի սակագինն այս տարի սահմանվել է 15,1 դրամ։
Երկրորդ խոշոր՝ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը շահագործում էր Որոտանի ՀԷԿ-երի համալիրը։ Այն ունի երեք ՀԷԿ-եր, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա՝ Շամբը, Տաթեւը եւ Սպանդարյանը։ «Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադը» ամերիկյան ընկերությունն է, որը Որոտանի ՀԷԿ-երը ձեռք է բերել 2015 թվականին։ Այն ժամանակ ոչ միայն էներգետիկ, այլեւ քաղաքական որոշ շրջանակներում սա համարվեց կարեւոր գործարք, քանի որ որոշակիորեն դիվերսիֆիկացվում էր Հայաստանի էներգետիկ համակարգը. ինչպես նշեցինք, ոլորտի գերակշիռ մասը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։
Անցած տարի փոխվել է Որոտանի ՀԷԿ-երի սեփականատերը, այն այժմ KKR ընկերությունն է, որը նորից ամերիկյան է։ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադն» անցած տարի արտադրել է 543,2 մլն կՎտժ հոսանք ԿԱՄ 6 տոկոսը։ Ի դեպ Հայաստանի էներգետիկ համակարգում ամենաէժան հոսանքն արտադրում է այս համալիրը՝ կՎտժ-ի արժեքը 6,5 դրամ է։ Ամենաթանկ հոսանքն արտադրում է«Հրազ ՋԷԿ»-ը՝ 30,5 դրամ։
ՀՀ կառավարության 2011 թվականի որոշման համաձայն 30 ՄՎտ-ից պակաս հզորությամբ կայանները համարվում են փոքր հիդրոէլեկտրակայաններ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով այսօր Հայաստանում գործում են 188 ՓՀԷԿ-եր, որոնք անցած տարի արտադրել են 704 կՎտժ հոսանք։
Արեւային կայաններ
2007-ի համեմատ, անցած տարի արեւային էլեկտրակայաններով արտադրված էլեկտրաէներգիայի քանակն աճել է մոտ 370 անգամ՝ 0,4 մլն կիլովատժամից 2023-ին հասնելով 377 մլն կիլովատժամի։ Անցած տարի արեւային կայաններն արտադրել են 10 մլրդ դրամի հոսանք՝ 26,5 դրամ սակագնով։ Այդպիսով, արեւային կայանների արտադրած հոսանքն ամենաթանկը չէ, բայց թանկերից է։
Էներգետիկ համակարգում արեւային կայանների ավելացումն իր հերթին մեծացնում է Հայաստանի էներգետիկ համակարգի անկախությունն ու անվտանգությունը։ Ի տարբերություն ատոմակայանի եւ ՋԷԿ-երի, որոնք աշխատում են Ռուսաստանից ներկրվող գազով ու միջուկային վառելիքով, արեւային պանելների հումքն արեւն է, եւ մեր երկրին որևւէ գերտերությունից կախման մեջ չի գցում։
Դա է պատճառը, որ 2021 թվականի կառավարության ընդունած «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում» արեւային էներգետիկան համարվել է որպես գերակա ճյուղ։
«ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչեւ 2030 թվականը արեւային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ կայաններ, ներառյալ ինքնավարները»,- նշվում է ռազմավարության մեջ։
Պատկան մարմինները հաշվարկել են, որ Հայաստանի տարածքի շուրջ 25 տոկոսն օժտված է արեւային էներգիայի բավականին մեծ հնարավորություններով՝ 1 քմ մակերեսի վրա տարեկան միջինը մոտ 1700 կՎտժ էլեկտրաէներգիա կարող է արտադրվել, եվրոպական միջին ցուցանիշը 1000 կՎտժ է։
Այս պահին ամենամեծը Մասրիկ-1 կայանն է, որի հզորությունը թույլ է տալիս տարեկան արտադրել 147 մլն կՎտժ հլեկտրաէներգիա։ Այն գտնվում է Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում։ Կայանը պատկանում է «ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությանը։ Վերջնական վերահսկողը «էլէլՋի Գլոբալ էներջի էնդ Ինվայրմենթ Հոլդինգ Քոմփանի Լիմիթեդն» է, որի իրական սեփականատեր է նշվում սաուդական Abdul Latif Jameel ընկերությունների ցանցը։
ՀԾԿՀ-ը տվյալներ չտրամադրեց, թե այս պահին Հայաստանում քանի արեւային կայաններ կան, բայց հանձնաժողովի 2022-ի գործունեության հաշվետվության մեջ գրված է, որ այդ տարի էլեկտրաէներգիա է արտադրել 60 արեւային կայան՝ ընդհանուր 204,8 Մվտ գումարային հզորությամբ։ Համեմատության համար նշենք, որ ատոմակայանի հզորությունը կրկնակի ավելի է։ Կառուցման փուլում է գտնվել 81 ՄՎտ գումարային հզորությամբ 7 արեւային կայան։
Մեծ ու փոքր ընկերություններից զատ, կան նաեւ 17 հազար 112 ինքնավար Էներգաարտադրողներ՝ վերջին երկու տարում դրանց թիվը կրկնապատկվել է։ Դրանք թե՛ տնային տնտեսություններն են, թե՛ իրավաբանական անձինք, որոնք արեւային փոքր կայաններ են կառուցում, որպեսզի անհրաժեշտ հոսանքն իրենք արտադրեն։ Դա հնարավորություն է տալիս ոչ միայն փող չծախսել հոսանքի համար, այլեւ ավելացածն էլ վաճառել ՀԷՑ-ին ու եկամուտ ստանալ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։