Քաղաքական պայքարում թշնամի ունենալն անխուսափելի է։ Ասվածը վերաբերելի է նաեւ հայկական քաղաքական դաշտին։
Որքան էլ ասպետաբար խոսենք, որ այդ խոսույթն անթույլատրելի է եւ որ դիմացինը քաղաքական հակառակորդ է, արդյունք չի տա։ Քաղաքական հասունության բացակայության եւ ինստիտուտների անկայունության այս փուլում, այլ ընկալումներ սպասելը երեխայամտություն կլինի։
Հայաստանում դիմացինը քաղաքական հակառակորդ չէ, այլ գոյության վտանգ, որին պետք է քաղաքականապես, հանրայնորեն եւ, ինչու չէ նաեւ՝ ֆիզիկապես ոչնչացնել։ Դիմացինը նաեւ բանականությունից զուրկ է, այլապես ինչպես բացատրել վարչապետի մեղադրանքը, թե լուսաձայնային նռնակից վերավորված ցուցարարն ինքն է մեղավոր։
Մյուս կողմից, թշնամի ունենալը կարեւոր է ոչ միայն քաղաքական անհատի կամ թիմի կոլեկտիվ ինքնության համար, այլեւ դրա արժեհամակարգը գնահատելու տեսանկյունից: Քեզ բնութագրում է ոչ միայն քո թշնամին, այլեւ քո վարմունքը նրա հանդեպ։ Խորենացին պատմահայր է նաեւ այն պատճառով, որ ավելի հավասարակշիռ ու զուսպ է, քան Եղիշեն։ Նա տարբերվում է պարսկիների կամ հռոմեացիների նկատմամբ իր բավականին զուսպ, սառնասիրտ ու տրամաբանական գնահատականներով։
Խորենացու մոտ հակառակորդներ են, ոչ թե թշնամիներ, որոնց սրբազան պայքարի արդյունքում պետք է «Մահ կամ ազատություն» գոռալով ոչնչացնել կամ ինքնաոչնչանալ՝ ինչպես Վարդանանք։
Եթե ունես թշնամի, ուրեմն գոյություն ունես, եթե թշնամի ունի խումբը, ուրեմն այն կարող է նույնականանալ որպես «հակաթշնամիների» կամ բարեկամների խումբ։ Ցիցերոնն իր ճառերում ոչնչացնելով Կատիլինայի դավադրությունն ու նրա կերպարը, նրա հանդեպ ատելությունը ուժեղացնելու համար խոսում է վերջինիս շրջապատի մասին։ Նա նկարագրում էր Կատիլինայի ընկեր սենատորներին որպես այլասերվածների ու մարդասպանների, որպեսզի նրանց այլասերվածության ֆոնին հիմնական մեղադրյալն էլ ավելի չարաբաստիկ հատկանիշներ ձեռք բերի։
Ծանոթ իրավիճակ է, չէ՞, 2000 տարի անց Հայքում։ Հետեւաբար, քաղաքական թշնամին պետք է խումբ ներկայացնի, թշնամին քեզանից տարբերվող, քո աշխարհայացքն ու արժեքները չկիսող օտար խումբն է։ «Քաղաքականն այնտեղ է, որտեղ եւ երբ տեղի է ունենում հանրային առճակատում «բարեկամ-թշնամի» սկզբունքով բաժանված մեծ խմբերի միջեւ։ Այսինքն՝ դիմակայություն թշնամիների միջեւ, որոնցից յուրաքանչյուրն ունի նաեւ քաղաքական ընկերներ»,- ասում է Շմիթը։
Հայաստանում միշտ էլ այդպես է եղել, իշխանության մեջ գտնվողներն ու կրողները դիմացիններին ընկալել են որպես թշնամիների խմբեր՝ իրենց համար գծելով սահմանը։ Քաղաքականությունն, ըստ այդմ, դառնում է ոչ թե անհատների, այլ քաղաքական խմբերի՝ «բարեկամներ vs թշնամիներ» պայքար։
Թշնամին է ստեղծում ձեզ եւ դարձնում միասնական թիմ, որի գոյության իմաստն ընդդեմ այդ նույն թշնամու պայքարն է։ Ձեր ուժը թշնամի ունենալու մեջ է եւ եթե այն չլիներ, հարկավոր կլիներ ստեղծել։ Որքան թշնամին զորեղ, այնքան զորեղ է ներթիմային համախմբվածությունը, որտեղ բոլորը անդադար պետք է գրեն ու հայհոյեն, պիտակավորեն ու չեզոքացնեն թշնամու թիմին՝ դրանով ցույց տալով որ թիմի մաս են եւ չեն հրաժարվում իրենց կոլեկտիվ ինքնությունից։
Փաշինյանի իշխանությունը, նրա նեղ շրջապատն ու քաղաքական թիմը իրապես դարձան քաղաքական ամբողջություն 2020 թվականի պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի գիշերը ամբողջությամբ փոխեց նրանց ինքնությունը՝ իրենցից դուրս գտնվող աշխարհն ու մարդկանց դարձնելով թշնամի։ Այլոց ճանաչելով թշնամի, իսկ իրենց՝ մարտիրոս-մաքառողներ, նրանք հառնեցին պատերազմի մոխիրից որպես քաղաքական թիմ՝ դրան էլ գումարվեց ամենաուժեղ միավորիչ ազդակը՝ պարտությունը պատերազմում։
Բայց թշնամի ունենալու ու մշտապես շրջափակված լինելու այդ իդեոլոգիան քայքայում է նախ՝ կրողին, ապա եւ ողջ հանրային-քաղաքական միջավայրը։ Քայքայիչ է հենց ատելությունը՝ ուղղված դեպի ներս, ատելություն, որ կազմալուծում եւ ձեւախեղում է կրողին։ Որովհետեւ մշտական թշնամին կամ ցանկացած մեկը, որ քո թիմից չէ ու պոտենցիալ թշնամի է, չի թողնում աշխարհն ու միջավայրը այլ կերպ ընկալել։
Թշնամիների հետ համագործակցություն չի կարող լինել։ Թշնամին կամ գործակալ է, կամ հինգերորդ շարասյուն, խամաճիկ, չարիքի ծնունդ, որ եկել է քեզ ու քո թիմը ոչնչացնելու։
Բագրատ Սրբազանի շարժումը Փաշինյանի ու իր թիմի համար այդ թշնամու կերպարի հաջորդ արարն էր։ Նախորդիվ նույն ճանապարհով են անցել Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի, կրկին Վազգեն Մանուկյանի ու հիմա Բագրատ Սրբազանի շարժումները։ Բայց դա փակուղի չէ, իրերի, քաղաքականության բնական վիճակն է։
Նույնիսկ մշակութային, քաղաքակրթական գործընթացում թշնամու կերպարն անխուսափելի է։ Ամենամեղմ ու խաղաղասեր մարդուն թշնամի է պետք։ Նա պարզապես անհատի կամ խմբի թշնամուն փոխարինում է բնական աղետով, սոցիալական բողոքով, կապիտալիստական շահագործմամբ կամ այլ հարցերով։
Բայց այդ իդեոլոգիան կազմալուծող է։ Այն չի նշանակում է, որ քաղաքական էթիկան անզոր է թշնամիներ ունենալու հավերժական անհրաժեշտության դեմ: Ես կասեի, որ քաղաքական էթիկայի նպատակն այլ է։ Այն պետք է չձեւացնի, թե ինչ-որ մեկը մեր խմբի թշնամին չէ, այլ փորձի հասկանալ նրան, մտնել նրա մաշկի մեջ։ Դրանով նաեւ կարող է կասեցվել անընդհատ փողոցային պայքարի, հեղափոխությունների չարորակ շղթան, երբ քաղաքական պայքարը կմտնի ինստիտուցիոնալ սահմանների մեջ, ելք գտնելով թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար։
Այլապես դառնում ես սեփական նեգատիվ, քայքայիչ իդեոլոգիայի զոհը, ստիպված լինելով նորանոր թշնամիներ գտնել եւ ուռճացնել նրանց ազդեցությունը՝ թե՛ երկրի ներսում ու թե՛ դրսում։ Դառնում ես սեփական թշնամու ստեղծման անվերջանալի թափանիվի մասնիկը, փոխարինելով քաղաքականությունը ատելությամբ, գաղափարների պայքարը՝ պիտակավորմամբ ու վարկաբեկմամբ, իսկ հանրային մթնոլորտը՝ մաղձով՝ հռչակելով դիմացիններին ծախվածներ, զոմբիներ կամ «5000 դրամի մատերիալ»։
Բայց եկեք իրատես լինենք։ Թշնամուն հասկանալու նման ձեւերը բնորոշ են բանաստեղծներին ու սրբերին։ Մեզանում կարեւորը ոչ թե է թշնամուն հասկանալն ու ներառնելն է, այլ՝ ոչնչացնելը։ Քաղաքականությունը վերածվել է մահ կամ ազատության թատերաբեմի, դաշնակցության գաղափարների դեմ պայքարողները վերածվել են դաշնակների, խորապես ներծծվելով դրա աղանդավորական, քայքայիչ ու հակահանրային էությամբ, որտեղ քեզնից տարբերվողը դավաճան է, թշնամի ու ոչնչացման արժանի։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։