Հարավային Կորեան կդիտարկի Ուկրաինային զենք մատակարարելու հարցը՝ Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի միջեւ համագործակցության եւ պաշտպանության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին Yonhap գործակալության փոխանցմամբ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չան Հո Ջինը։
«Կառավարությունը լուրջ անհանգստություն է հայտնում եւ դատապարտում համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Չանը։ Նա ընդգծել է, որ ցանկացած համագործակցություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում է Հյուսիսային Կորեայի ռազմական հզորացմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում է։
Հարավային Կորեան աշխարհի խոշորագույն զենք մատակարարող երկրներից մեկն է։ Սակայն Սեուլը դեռեւս Ուկրաինային որեւէ զենք չի մատակարարել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել էր, որ դա կարեւորում է երկու երկրների հարաբերություններում։
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ հարավկորեական արկերը կարող են մատակարարվել ԱՄՆ, որպեսզի դրանք Վաշինգտոնն իր հերթին ուղարկի Ուկրաինա։
Հարավային Կորեայի նախագահի գրասենյակում Yonhap-ի անանուն զրուցակիցը գործակալությանը չի հաստատել մատակարարման խնդրի վերանայումը, սակայն չի էլ հերքել։ Նրա խոսքով՝ Սեուլը դեռ բացահայտորեն չի մեկնաբանի այս հարցը։
«Կոնկրետ միջոցառումների մասին կհայտարարվի ավելի ուշ, մենք չենք ցանկանում նախապես հրապարակել ծրագրերը, եւ մեզ հետաքրքրում է Ռուսաստանի արձագանքը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեաները, որոնք մինչեւ 1948 թվականը մեկ միասնական երկիր էին, պաշտոնապես պատերազմական վիճակում են 1950 թվականից: 1953-ին, ակտիվ ռազմական գործողությունների դադարից հետո, որոնք հանգեցրել են հարյուր հազարավոր մարդկանց մահվան, երկրները զինադադար են կնքել, սակայն կողմերը մինչ օրս այդպես էլ չեն կարողացել խաղաղության պայմանագիր կնքել: