Վիլնյուս կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 20-ին հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այս մասին հայտնում է Հյաստանի արտգործնախարարությունը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։
Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վարչապետն իր նման որոշումը կապել էր մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի Բաքու կատարած այցի ժամանակ արած այն խոստովանության հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Փաշինյանը իր ելույթում ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակը»։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեպսանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։
Ավելի ուշ Երեւանից իր դեսպանին հետ կանչելու մասին հայտարարեց նաեւ Բելառուսը։