ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեհեմը եւ Ռիչարդ Բլումենթալը երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն, այս մասին հաղորդում է «Voice of America»-ի ռուսական ծառայությունը:
Ահաբեկչությունը հովանավորող պետություններ մինչ այժմ ճանաչվել են Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Սիրիան։
«Պուտինի Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետություն է, եւ վաղուց ժամանակն է դա պաշտոնապես ճանաչել օրենքի համաձայն», — ասվում է հանրապետական Գրեհեմի հայտարարության մեջ:
Դեմոկրատ Բլումենթալն էլ իր հայտարարության մեջ նշել է, որ Ռուսաստանը «վաստակել է» իր տեղը վտարանդիների ակումբում: «Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելը ԱՄՆ-ին թույլ կտա ավելի ագրեսիվ պայքարել Պուտինի դաժանության, ինչպես նաեր ազատությանն ու ժողովրդավարությանը նրանից բխող սպառնալիքի դեմ»,-նշել է սենատորը։
Ռուսաստանի Դաշնությունը որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն ճանաչելու օրինագիծը կունենա երկակի հետեւանքներ, որը կներառի նաեւ Ռուսաստանի հետ համագործակցող երկրների դեմ պատժամիջոցների ներդրում, երկակի նշանակության ապրանքների ցանկի ընդլայնում, որոնք կարգելվեն արտահանել Ռուսաստան։ Սա ամերիկյան դատարանների առաջ նաեւ զգալիորեն կսահմանափակի Ռուսաստանի ինքիշխանությունը եւ դուռ կբացի Մոսկվայի կողմից հովանավորվող ահաբեկչության զոհերի հայցերի եւ քաղաքացիական այլ պահանջների քննության համար:
Առաջին երկիրը, որը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է ահաբեկչության հովանավոր պետություն, դա Լիտվան էր։ 2022 թվականի մայիսի 10-ին Լիտվայի Սեյմը միաձայն ընդունել էր օրենք, որը խաղաղ բնակիչների սպանությունները, առեւանգումները, խոշտանգումները, բռնաբարությունները, դիակապտություննեը եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ՝ իրականացված ուկրաինացի ազգի ամբողջական կամ մասնակի ոչնչացման նպատակով, կոչում էր ահաբեկչություն։
Այնուհետեւ նույն 2022 թվականի ընթացքում նմանատիպ որոշումներ ընդունեցին Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, իսկ 2023 թվականի փետրվարին՝ Սլովակիան։
2022 թվականի նոյեմբերի 23-ին էլ Եվրախորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչությունը հովանավորող եւ ահաբեկչական մեթոդներ կիրառող պետություն։
Միեւնույն ժամանակ, 2022 թվականի աշնանը նմանատիպ որոշումներ են կայացրել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, իսկ 2023 թվականի ամռանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը։