ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգված է Վլադիմիր Պուտինի նախօրեին հնչեցրած այն հայտարարություններով, որոնց համաձայն Ռուսաստանը կարող է սկսել զենք մատակարարել Հյուսիսային Կորեային՝ կողմերի միջեւ ստորագրած պաշտպանական համաձայանագրից հետո։ Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Պուտինը, մեկնաբանելով Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն կատարած այցը, ասել է, որ Փհենյանին ռուսական զենքի մատակարարումը «հայելային պատասխան» կլինի Արեւմուտքի կողմից Ուկրաինային զինելուն։ Նա նաեւ զգուշացրել է, որ Հարավային Կորեան «մեծ սխալ» կգործի, եթե որոշի զենք մատակարարել Ուկրաինային, եւ որ Մոսկվան նման քայլին կպատասխանի Սեուլի համար ցավոտ կերպով։
«Սա չափազանց մտահոգիչ է»,- ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ Պուտինի հայտարարությունների մասին հարցին։
«Սա կարող է ապակայունացնել Կորեական թերակղզին, եւ, հավանաբար, կախված մատակարարվող զենքի տեսակից, կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւի խախտում, որին Ռուսաստանն անձամբ է կողմ քվերակել»,-ասել է Միլլերը։
Նշենք, որ Փհենյան կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ենթադրում է նաեւ փոխադարձ ռազմական օգնություն կողմերից մեկի դեմ հարձակման դեպքում։
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ Մոսկվայի եւ Փհենյանի միջեւ կնքված համաձայնությունը անհանգստության տեղիք է տվել՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դա անակնկալ չէր։
«Մենք արդեն երկար ամիսներ է, ինչ խոսում ենք այս մասին եւ զգուշացնում այս երկու երկրների միջեւ աճող ռազմական հարաբերությունների մասին՝ հրապարակելով հետախուզության մի շարք զեկույցներ։ Ակնհայտ է, որ մենք լուրջ ենք վերաբերվում դրան»,-նշել է Քիրբին։