Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինը պետություն ճանաչելու վերաբերյալ։
Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․
Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը եւ շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները եւ քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը եւ միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հաստատմամբ, հրեա եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ տեւական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ եւ համապարփակ կարգավորման օգտին եւ պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:
Ելնելով վերոնշյալից եւ վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին եւ ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը: