Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Սեուլում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովեւը ում բողոքի նոտա է տրվել Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Նախարարությունը դեսպանին հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում է եւ «բացասականորեն է ազդում տարածաշրջանային իրավիճակի եւ ռուս-կորեական հարաբերությունների վրա»։
Նշենք, որ հունիսի 18-19-ը Փհենյան կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ենթադրում է նաեւ փոխադարձ ռազմական օգնություն կողմերից մեկի դեմ հարձակման դեպքում։
Հունիսի 20-ին Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարեց, որ կվերանայի իր դիրքորոշումը Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածության պատճառով։ Նախկինում Սեուլը հրաժարվել էր Կիեւին մահաբեր զենք մատակարարել։
Նախօրեին Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չան Հո Ջինը անդրադառնալով Կիեւին զենքի հնարավոր մատակարարման հարցին հայտարարել էր․ «Կոնկրետ միջոցառումների մասին կհայտարարվի ավելի ուշ, եւ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանը, այլ ոչ թե նախապես բացահայտելու մեր ծրագրերը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի ուշ հույս հայտնեց, որ Սեուլը Կիեւին մահաբեր զենք չի մատակարարի, քանի որ դա «շատ մեծ սխալ կլինի»։ Եթե դա տեղի ունենա, Ռուսաստանի իշխանությունները «կկայացնեն համապատասխան որոշումներ, որոնք դժվար թե դուր գան Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությանը», — հավելել էր նա: