Ուկրաինան կարող է օգտագործել ամերիկյան զենքերը՝ ցանկացած ռուսական ուժերի հարվածներ հասցնելու համար, որոնք ուկրաինական կողմի վրա հարձակում են գործում սահմանները հատելով։ Սա չի վերաբերվում միայն Խարկովի մարզին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներից ստացած տեղեկատվությանը։
Այս տեղեկությունները հաստատել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը, գրում է Reuters-ը։
«Պատասխան կրակի հնարավորության ապահովմանն է ուղղված է այս քաղաքականությունը։ Ինչպես ռուսական զորքերն են կրակ բացուն սահմանից այն կողմ, այնպես էլ Ուկրաինան կարող է պատասխան կրակ բացել այդ ցամաքային ուժերի ուղղությամբ՝ օգտագործելով ԱՄՆ-ի տրամադրած զինամթերքը»,-ասել է Ռայդերը։ Նա նման գործողություններն անվանել է ինքնապաշտպանություն, որի իրավունքն ունի Ուկրաինան։
Reuters-ն էլ հիշեցնում է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նման մեկնաբանություն է արել PBS-ին տված հարցազրույցում։
«Խոսքը չի գնում աշխարհագրության մասին։ Խոսքը գնում է ողջամտության մասին։ Եթե Ռուսաստանը հարձակվում է, կամ պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա իր տարածքից, ապա իմաստ ունի Ուկրաինային թույլատրել հակահարված տալ այն ուժերին, որոնք հարձակվում են նրա վրա՝ հատելով սահմանը»,-ասել էր Սալիվանը։
Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլատրել է օգտագործել ամերիկյան զենքը՝ Խարկովի մարզի հարակից ռուսական տարածքի թիրախներին հարվածելու համար, որի նպատակը պետք է լիներ հարձակվող ռուսական բանակից պաշտպանվելը։
Նման տեղեկությունները հաջորդել էին մայիսի սկզբին Խարկովի ուղղությամբ ռուսական լայնամասշտաբ նոր հարձակման մեկնարկի մասին հայտարարություններին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ արեւմտյան զենքի կիրառմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածները կհանգեցնեն «ասիմետրիկ պատասխանի»: