Պաղեստինի ազգային վարչակազմը բարձր է գնահատում Պաղեստինը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն պաշտոնապես ճանաչելու Հայաստանի Հանրապետության որոշումը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Մամուլի հայտարարության մեջ, որը մեջբերում է լրատվականը, Պաղեստինի ղեկավարությունը խորը երախտագիտություն է հայտնել «այս խիզախ եւ նշանակալի որոշման համար»՝ այն դիտարկելով որպես «առանցքային քայլ երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ»։ Շնորհակալություն է հայտնվում Հայաստանին նաեւ «իմաստուն քայլի համար, որն ընդգծում է երկու ժողովուրդների միջեւ ամուր բարեկամական կապերը»:
Հայտարարության տեքստում նաեւ բարձր է գնահատվում Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հանձնառությունը՝ «աջակցելու Պաղեստինի ժողովրդին եւ նրա օրինական իրավունքներին իր հողի եւ ինքնորոշման նկատմամբ»:
«Հայաստանի իմաստուն որոշումը համահունչ է երկու պետությունների լուծման սկզբունքներին, որը ռազմավարական ընտրություն է եւ պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը: Այս ճանաչումը դրականորեն է նպաստում երկու պետությունների լուծմանը, որը բախվում է համակարգված մարտահրավերների, եւ նպաստում է անվտանգությանը, խաղաղությանը եւ կայունությանը բոլոր ներգրավված կողմերի համար»,-ասվում է Պաղեստինի ղեկավարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Պաղեստինը պետություն ճանաչելու մասին հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը։
Երեւանի այս քայլին ի պատասխան Իսրայելի արտգործնախարարությունը հայտնեց Թել Ավիվում Հայաստանի դեսպանին բողոքի նոտա հղելու մասին։
Պաղեստին պետությունը նախորդ ամիս ճանաչելու մասին էին հայտարարել նաեւ Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան եւ Նորվեգիան։