Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունում է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության տեքստում։
«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետեւելով այնպիսի երկրներին, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Սլովենիան։ Ինչպես միշտ ենք ընդգծել, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության եւ խղճի պահանջն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ Թուրքիան կշարունակի ջանքերի գործադրումը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։
Հիշեցնենք, որ Պաղեստինը պետություն ճանաչելու մասին հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը։
Երեւանի այս քայլին ի պատասխան Իսրայելի արտգործնախարարությունը հայտնեց Թել Ավիվում Հայաստանի դեսպանին բողոքի նոտա հղելու մասին։
Ավելի վաղ Երեւանի նման քայլը ողջունել էին նաեւ Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը եւ Պաղեստինի ազգային վարչակազմը։